211652_close_icon
views-count7508 դիտում article-date 15:29 11-06-2020

Յուրաքանչյուր մահի համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է. Հրաչյա Ռոստոմյան

Յուրաքանչյուր մահի համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Յուրաքանչյուր մահի համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը և այլն․ երեկ նման «ցնցող» հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը՝ լուտանքների հերթական չափաբաժինը թափելով ընդդիմության վրա։ Միայն այս հայտարարությունը բավական է, որպեսզի ամբողջովին բացահայտվի, որ ստախոսությունը փեշակ է դարձել Փաշինյանի համար։ Կորոնավիրուսային ցուցանիշներով Հայաստանը ռեկորդակիր է դարձել տարածաշրջանում, հետխորհրդային երկրներում, իսկ «անսխալականի» բարդույթով տառապող ստախոս ղեկավարը հանդգնում է համեմատվել աշխարհի զարգացած երկրների հետ։ Փաշինյանը երկու տարուց ավելի է՝ երկրի ղեկավար է, սակայն այդպես էլ չի կարողանում հրաժարվել ստից, պոպուլիզմից, ցինիզմի հասնող մանիպուլյացիայից։ Մեկը չկա, որ այս մարդուն հուշի՝ ինքն այլևս անպատասխանատու ընդդիմադիր, «դեղին մամուլ» կամ նույնիսկ հեղափոխություն ղեկավարող մեկը չէ, երկրի ղեկավար է, որը հասցրել է ձախողել հնարավոր ամեն ինչ՝ իր իշխանությունը կառուցելով ստի ու կեղծիքի «կայսրության» վրա։ Ամենատխուրն այն է, որ անցած երկու տարիների ընթացքում Փաշինյանը չկարողացավ ձևավորել կառավարման արդյունավետ համակարգ․ երկիրը ղեկավարվում է ոչ թե ծրագրերով ու հաշվարկներով, այլ մեկ մարդու ցանկություններով, քինախնդրությամբ, ճաշակով և օրվա տրամաբանությամբ: Իսկ այս պարագայում մանիպուլյացիան դառնում է կառավարման միակ միջոցը։ Չի՜ ստացվելու, չե՜ս կարող քեզ բնորոշ ստախոսությամբ կորոնավիրուսային աղետի, հազարավոր վարակակիրների ու հարյուրավոր մահերի պատասխանատվությունը բարդել ուրիշների, պարետ Տիգրան Ավինյանի կամ այլոց վրա, որովհետև բոլորը գիտեն դու քեզանով ես արել երկրի բոլոր պաշտոննները, ոլորտները, անգամ՝ ԺԵԿ-ի պետի պաշտոնը ու ստեղծել ես աննխադեպ անձնակենտրոն, ավտորիտար համակարգ, որի պարագայում բոլոր, առանց բացառության՝ բոլոր որոշումները կայացվում են մեկ ընտանիքի շրջանակներում։ Յուրաքանչյուր մահի, մարդկային խեղված ճակատագրերի, ընտանեկան յուրաքանչյուր դժբախտության համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Վերջինս փորձում է հնարավորինս ձգձգել հատուցման պահը, սակայն այն գալու է՝ հիմա, թե երեք կամ վեց ամիս հետո։ Հետաքննվելու է կորոնավիրուսի հետ կապված ցանկացած հանգամանք, պարզաբանվելու է յուրաքանչյուր մահվան հանգամանք ու վերջապես՝ բացահայտվելու է այն ամբողջ համակարագային սուտը, որը եղել է ու կա Փաշինյանի իշխանության միակ «առանձնահատկությունը»՝ քողարկելով ձախողված քաղաքականությունը, պետական միջոցների անխնա վատնումը։ Ակնհայտ է, որ սա պետք է լինի այսօրվա ընդդիմության ու վաղվա իշխանության կարևոր առաջնահերթություններից մեկը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր