211652_close_icon
views-count2574 դիտում article-date 12:06 10-09-2020

Հետազոտվում են տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները

COVID-19 համավարակի ընթացքում հեռավար ուսուցման անցած աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում հետազոտություններ իրականացնելու համար ընտրվել է 24 ընտանիք, որոնցից 10-ի հետ արդեն իրականացվել են հարցազրույցներ։ [url=https://armenpress.am/arm/news/1027226.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները։ Մեզ հետ զրույցում՝ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել COVID-19 համավարակի ընթացքում, վերոնշյալ խմբերի համար հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։ «Ծրագիրը բոլորովին վերջերս է մեկնարկել և այժմ հստակ մեթոդաբանությամբ իրականացվում է նախնական հետազոտական փուլը։ Մեր հետազոտությունը վերաբերում է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154 հազար 409 աշակերտ։ Այս ընթացքում ընտրվել են ընտանիքներ, որտեղ հոգեբանների կողմից հարցաքննվում են ծնողներն ու աշակերտները, կրթական մասնագետների կողմից էլ տարրական դասարանների ուսուցիչները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակել ենք հատուկ գործիքներ, որոնցով էլ իրականացվում են հետազոտությունները»,- նշեց Սիմոնյանը։ Սեպտեմբերի 15-ին կավարտվի հետազոտական փուլը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ունենալ և՛ քանակական, և՛ որակական վերլուծությունը։ Այս ամենից հետո անցում կկատարվի երկրորդ փուլին, որի ժամանակ կմշակվեն նոր գործիքներ, համապատասխան նյութեր կունենան, որպեսզի հնարավոր լինի աջակցել ծնողներին, երեխաներին և ուսուցիչներին։ Ծրագրի շրջանակում գործելու է նաև թեժ գիծ, որը շուտով կգործարկվի: Այն սպասարկվելու է սոցիալական աշխատողի կողմից, ով հատուկ մշակված ձևով պետք է հավաքագրի հեռավար ուսուցման հարցերին վերաբերող խնդիրները։

Նմանատիպ նյութեր