ԱԺ-ում բաց դաս անցկացվեց Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչների և աշակերտների համար
Դեկտեմբերի 14-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Լեւոն Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:
Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով, ողջունելով աշակերտներին ու ուսուցիչներին խորհրդարանում, ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, գործառույթները, մշտական հանձնաժողովների գործունեությունը: Աշակերտների խնդրանքով նա անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին եւ խորհրդարանական կառավարման համակարգին: Այնուհետեւ պարոն Դավթյանը սիրով պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Զրուցակիցներն անդրադարձել են ավարտական եւ ընդունելության քննություններին, հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին եւ մասնագիտության ընտրությանը, ինչպես նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող հարցերին:
Հանդիպման ավարտին աշակերտները լուսանկարվել են Արտակ Դավթյանի հետ Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում: