211652_close_icon
views-count1791 դիտում article-date 19:28 02-09-2020

Հայաստանի կառավարության կողմից Սիրիայում կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական օգնություն՝ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բարև Ձեզ, բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այսօվա ճեպազրույցին և նաև բոլոր մեր գործընկերներին, ովքեր միացել են այսօր մեզ ուղիղ հեռարձակմամբ: Նշեմ նախ, որ շատ ուրախ եմ, որ մենք վերջապես վերականգնում ենք այս ձևաչափով մեր հանդիպումները: Թեև այն այս անգամ կրում է առավել հեռավար բնույթ, բայց հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք նաև դա անել առդեմ ձևաչափով: Նախքան իմ խոսքին անդրադառնալը ցանկանում եմ մեկ բան ասել։ Հաշվի առնելով, որ այսօր սեպտեմբերի 2-ն է նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել Արցախի մեր գործընկերներին Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ: Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում, և, նախևառաջ՝ խաղաղ գործընթացում, լիազորել՝ նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը՝ ապահովելու երկրի բնականոն զարգացման և բարգավաճման համար ներքին և արտաքին համապատասխան պայմաններ: Եվ ցանկանում եմ նշել, որ մենք Արցախի մեր գործընկերների հետ ունենք շատ սերտ համագործակցություն: Այդ համագործակցությունը իրականացվում է նաև Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներով, և մենք պատրաստակամ ենք ձեռնարկել շարունակական քայլեր այդ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ: Ուստի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր գործընկերներին այս կարևոր օրվա կապակցությամբ: Երկրորդ հարցը, որ կցանկանայի անրադառնալ, վերաբերում է Սիրիայի մեր հայրենակիցներին: Նշեմ, որ մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանի կառավարության կողմից Սիրիայում կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական օգնություն՝ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով, որը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հիման վրա: Արդեն այդ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիքներ Դամասկոսում և արվարձաններում: Մոտ օրերս այդ ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաև 4750 սիրիահայ ընտանիքների։ Մենք այս շրջանում բավական հարցումներ էինք ստանում, որոնք հիմնականում կապված էին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումներին, մասնավորապես ելքի և մուտքի սահմանափակումներին: Եվ այս առումով նշեմ, որ ՀՀ կառավարության՝ «արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով մեր քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը: Այն է` մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի և մուտքի արգելքներ այս պահին չեն գործում: Իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու պարագայում սահմանափակումներն արդեն կապված են տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված ներդրված սահմանափակումներից կամ այդ երկիր մեկնող անձի կարգավիճակից։ Այդ պայմանները բավականին հաճախ փոփոխվում են, անընդհատ թարմացվում և կախված են թե՛ Հայաստանում, թե՛ տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի փոփոխությունից: Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել, որ երկրները օտարերկրացիների մուտքը արգելող սահմանափակումների կիրառումը չեն դիտարկում երկկողմ հարաբերությունների մակարդակից կամ փոխադարձության սկզբունքից: Դրանք բացառապես պայմանավորված են երկրի ազգային առողջապահական համակարգի կարողություններով և ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ: Ցանկանում եմ անդրադառնալ Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հարցին։ Ես այս առումով կցանկանայի հղում կատարել ՌԴ կառավարության 2020թ մարտի 16-ի Կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակներում կարող են այցելել Ռուսաստանի Դաշնություն։ Դրանք են, ի թիվս ՌԴ քաղաքացիների, վերջիններիս ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթերի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Նշեմ, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքները շարունակվում են, և այս պահի դրությամբ որևէ հստակ ժամկետներ չեմ կարող հայտնել։ Եվ մեկ հարց էլ Չինաստան մեկնել ցանկացող մեր քաղաքացիների հետ կապված. Չինաստան մեր քաղաքացիները կարող են մեկնել, եթե ունեն 3 օր առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Ի դեպ, թեստը պետք է արվի Հայաստանում Չինաստանի դեսպանության կողմից նշված բուժհաստատություններում և լաբորատորիաներում: Նաև մեր քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան Չինաստանի դեսպանության կողմից տրված առողջական կարգավիճակի մասին հայտագիր: Հունիսի 1-ից կրկին ուժի մեջ է Հայաստանի և Չինաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը և հավելեմ, որ դա վերաբերում է մինչև 90 օր Չինաստան այցելել ցանկացող մեր քաղաքացիներին։ 90 օրից ավելի Չինաստանում մնալ ցանկացող մեր քաղաքացիները, ինչպես՝ ուսման, բուժման և կեցության նպատակներով Չինաստան մեկնող մեր քաղաքացիները պետք է նախապես դիմեն դեսպանատուն և ստանան համապատասխան մուտքի արտոնագիր։ Իմ մասով այսքանն, և պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին: Մանրամասներն՝ [url=https://www.mfa.am/hy/press-conference/2020/09/02/spokesperson_briefing_2/10430]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր