Ֆրանսիայի Զինված ուժերի փոխգնդապետին կալանավորել են Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի Զինված ուժերի փոխգնդապետի հանդեպ, որին կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին հույժ կարևոր տեղեկություններ փոխանցելու մեջ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԶՈւ նախարար Ֆլորանս Պարլին:
«Ես կարող եմ հաստատել, որ դատական իշխանությունները հետաքննություն են անցկացնում բարձրաստիճանի սպայի նկատմամբ, որը մեղադրվում է երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու մեջ», հայտնել է նախարարը:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով, կասկածյալը ֆրանսիացի փոխգնդապետ է, որը ծառայությունն անցկացնում էր Իտալիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում:
Փոխգնդապետը ձերբակալվել է Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից, երբ արձակուրդից հետո պատրաստվում էր վերադառնալ Իտալիա: Այժմ նա Փարիզում կալանքի տակ է: