211652_close_icon
views-count1759 դիտում article-date 12:44 27-08-2020

Կապսի ջրամբարի վերակառուցման համար նոր գյուղ կկառուցվի. գործադիրը հաստատեց ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակում հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների պլանը։ «[url=https://armenpress.am/arm/news/1026011.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսվում է Շիրակի մարզում Կապսի կիսակառույց ջրամբարի վերակառուցման նպատակով նոր գյուղ կառուցել, որտեղ կվերաբնակեցվեն այն քաղաքացիները, որոնց տները ջրամբարի կառուցումից հետո հայտնվելու են ջրածածկ հատվածում: Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորությամբ գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3: Համաձայն Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։ «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ մենք զրոյից գյուղ ենք կառուցելու, և շատ կարևոր է այս ծրագիրը ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլև 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ մեր պատկերացումները կոնկրետացնելու առումով»,- նշեց վարչապետ Փաշինյանը: 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր որով նախատեսվել է իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը՝ մասնավորապես Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը:

Նմանատիպ նյութեր