1676 դիտում
17:14 19-08-2020
Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ՝ նաև այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ:
Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է պարզ մարդկային զրույց՝ լսելու անկաշկանդ ու ոչ պաշտոնական կարծիքներ։ «Եթե մտքեր կամ խորհուրդներ ունեք, ուրախ կլինեմ լսել,-ասել է նախագահը։- Ինձ շատ բաներ են անհանգստացնում։ Օրինակ, մտավորականության մասնակցությամբ հանրային քննարկումների պակասը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։ «Հանրային, ազատ մտածող մարդկանց քննարկումների բացակայություն կա, մարդկանց, որոնք ոչ միայն ի պաշտոնե են ազատ, այլ նաև ոգով,- ասել է նախագահ Սարգսյանը։- Կա մեկ ուրիշ գործոն ևս, որն ինձ անհանգստացնում է։ Հաճախ հանրության մեջ մի շարք երևույթների, գործընթացների շատ մակերեսային ենք մոտենում։ Եթե հետևում ես մամուլին, վերլուծական նյութերին, մեկնաբանություններին, ելույթներին, հազվադեպ կարելի է գտնել խորը մեկնաբանություններ։ Հիմնական քննարկումները զգացական, էմոցիոնալ են, հենված վերնագրի վրա։ Այսինքն՝ կարդում են վերնագիրը և հետո սկսում մեկնաբանել, իսկ թե վերնագրից ներքև, բուն նյութն ինչի մասին է, չեն կարդում։
Ընդհանրապես, ամեն ինչի մասին վերնագրային կամ մակերեսային քննարկման սինդրոմ եմ տեսնում, որը շատ ցավալի է։
Կա մեկ այլ գործոն, որն ինձ անհանգստացնում է և կապված է ձևացնելու հետ, երբ ձևացնում ենք, թե ինչ-որ բան ունենք։ Կարող եմ պարզ օրինակ բերել՝ ձևացնում ենք, թե մենք մեր երկրում ունենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Տաղանդավոր երիտասարդներ, նախկին Խորհրդային Միությունից դեռևս մնացած մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների ոլորտում ավանդույթներ, մարդիկ ունենալը մի բան է, կայացած ոլորտ՝ մեկ այլ։ Այսօր ասել, որ մենք ունենք զարգացած ՏՏ ոլորտ, ձևացնել է։ Այսօր ունենք մոտ 20 հազար մարդ, որոնք այդ ոլորտում են աշխատում։ Նրանցից ծրագրավորումով զբաղվում է ընդամենը 5-6 հազար մարդ․․․ Չենք կարող դեպի ապագա գնալ 20 հազար պարզ ինժեներով, որոնցից 5-6 հազարն է ծրագրավորող»:
Կարևորելով նման հանդիպումները' Հանրապետության նախագահի հյուրերը՝ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սամվել Սևադան, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, լրագրող Էդիկ Անդրեասյանը, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, բարձրացրել են մտահոգող մի շարք հարցեր, ներկայացրել իրենց տեսակետները: Արձանագրելով, որ աշխարհն ապրում է անհանգիստ և փորձությունների ժամանակներ, որպես մարտահրավերներին դիմակայելու և հաղթահարելու կարևոր նախապայմաններ նշվել են ազգային համաձայնությունն ու միասնականությունը, որի առանցքը կարող են լինել առաջին հերթին բանակը և մշակույթը:
Շարունակելով զարգացնել գաղափարը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայ պարկի ծրագրին։ «Ազգային միասնության սիմվոլներ պետք է ստեղծենք։ Հայ պարկը հենց նման գաղափար ունի,-ասել է նախագահը։- Ծիծեռնակաբերդի տարածքում պետք է կառուցենք այգի՝ որպես համազգային միասնության ծրագիր։ Այն կառուցելու համար գուցե տարիներ կպահանջվեն, պետք է բոլորս միանանք։ Այգին պետք է շատ պարզ կառուցվածք ունենա․ առաջին հատվածը նվիրված կլինի մեր կորցրած տարածքներին՝ Վան, Էրզրում, Կարին և այլն, երկրորդ հատվածը՝ Սփյուռքին, մեկ այլ հատված՝ այսօրվա Հայաստանին ու Արցախին։ Այդ մեծ պարկը կդառնա փոքրիկ այգիների հավաքածու։ Օրինակ՝ կլինի արցախցիների այգի, որը հենց իրենք էլ կխնամեն, մյուսը՝ Մարսելի հայերինը, մեկ ուրիշը՝ Ռոստովի, Մոսկվայի, Գլենդելի հայերինը։ Այդ կերպ ևս մենք աշխարհին ցույց կտանք, որ միասնական ժողովուրդ ենք»:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հայոց լեզվի խնդրին, կարևորել պետական ուշադրությունը և հոգածությունը լեզվի նկատմամբ, լեզվի անաղարտությունը պահպանելը, գրագետ խոսելն ու գրելը: Նախագահ Սարգսյանը շեշտել է նաև արևմտահայերենի պահպանության առաջնահերթությունը, ինչպես նաև բարբառների կարևորությունը՝ նշելով, որ դրանք մեր լեզվի հարստությունն են:
Ներկայացնելով իրենց մտահոգությունները կրթական ծրագրերի չափորոշիչների վերաբերյալ՝ մտավորականներն ընդգծել են կրթության, ազգային նկարագրի և ազգային արժեքների կարևորությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ կրթությունը որևէ երկրի և հատկապես Հայաստանի զարգացման հիմնական շարժիչն է և կրթական համակարգը մեր հանրային կյանքի ամենազգայուն մասերից մեկն է: «Դպրոցական դասագիրք, մեթոդ, վերաբերմունք փոխելն այդքան հեշտ բան չէ: Այդ գործընթացն անպայման պետք է անցնի երկարաժամկետ հանրային քննարկման և հանրային համաձայնության ճանապարհով։ Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ՝ նաև այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք։ Եթե ազգային միասնություն չունենք, թե մեր երեխային ինչ ենք սովորեցնում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մշակույթի կամ բանակի ոլորտում ունենալ համաձայնություն։
Լինելով աշխարհին ծանոթ՝ մենք պետք է ստեղծենք մերը, և պետք է ձգտենք, որ մերը լինի լավագույններից մեկը։ Հնարավոր է գտնել այն, ինչը քոնն է, համապատասխանում է քո մշակույթին, պատմությանը, միջավայրին և այլն, նրա՛ն, ինչ որ դու ես, և քո ազգային նկարագիրն է։ Դա նացիոնալիզմ չէ։ Գերմանական կրթական համակարգը համապատասխանում է գերմանական մշակույթին և ազգին, բրիտանականը՝ բրիտանացիներին․․․
Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին։
Հայաստանը մեկուսացած չէ: Սակայն այս ամբողջ անորոշությունը նաև հնարավորություն է ծնում: 20 տարի հետո այն պետությունները, որոնք հստակ տեսլական ունեն, գիտեն՝ ուր են գնում, գիտեն, թե իրենք ով են, ունեն կարգապահություն, հստակ ռազմավարություն ունեն, այդ պետությունները հաղթելու են: Այդ տեսլականի մեջ կրթությունը, մշակույթը և, իհարկե, առողջապահությունը կարևորագույն տեղ ունեն։
Այս աշխարհը հնարավորություն է: Մենք խաչմերուկում ենք, և այստեղ է, որ մտքերը, գաղափարները և մեր արժեքները կարևոր են: Կարևոր է՝ գիտակցենք, թե մենք ով ենք և ինքներս մեզ գնահատենք: Եվ սա ազգային մեծամտություն չէ»:
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
16:49 16-12-2020
Հրաժարվենք ստից ու կեղծիքից, նայենք ճշմարտությանը. Արմեն Սարգսյանը հանդիպել մտավորականների հետ
Այս բաժնից
733 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
841 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
592 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին