3154 դիտում
18:57 03-08-2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՀ Կառավարության անդրանիկ նիստը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել ԱՀ Կառավարության անդրանիկ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նիստի օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր, որը ԱՀ կառավարության անդամներին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ նախագիծը մշակվել է ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թթ-երի ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի, ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100 մլն դրամով՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով:
Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն, ըստ ԱՀ նախագահի տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը:
Այնուհետև երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները մեր հանրապետության համար», - նշել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։
Խոսելով նիստում քննարկված ծրագրերի արդյունավետ իրականացման մասին՝ նախագահը ընդգծել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակում պաշտոնյաների բարեխիղճ վերաբերմունքի, կարգապահության, օրենքի առաջ բոլորի հավասարության, աշխատանքային կոլեկտիվներում ներդաշնակ մթնոլորտի պահպանման սկզբունքներին հետևելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը զգուշացրել է, որ այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատանքն ու վարքագիծը հակասեն այդ սկզբունքներին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։
Երկրի ղեկավարը նաև կարևորել է հանրապետությունում ձևավորված ներքին կայունության մթնոլորտի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել Արցախի Հանրապետության առջև ծառացած երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգության ապահովումը և սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ համատեքստում նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ է արել՝ զբաղվել միայն կառուցողական քննադատությամբ և զերծ մնալ ստեղծված կայունությունը խաթարող քայլերից։
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
19:23 05-03-2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»