211652_close_icon
views-count3015 դիտում article-date 15:08 03-08-2020

Հայփոստի նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը կխնայի պետական մարմինների միջոցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայփոստ» ընկերությունը պետական մի շարք մարմինների հետ համատեղ ներդրել է «Հիբրիդ փոստ ծառայություն» նոր համակարգը, որի առաջին գործարկումը եղավ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Հիբրիդ փոստ համակարգը համատեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և, ամենակարևորը, ծախսերի օպտիմալացում ու ռեսուրսների խնայողություն: Ինչպես է աշխատում նոր Հիբրիդ փոստ ծառայությունը: Նամակը էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է Հայփոստ, որտեղ այն տպվում և ծրարավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը՝ օպտիմալացնելով նամակնբ ուղարկող պետական գերատեսչության ծախսը: Մեկ օրում սարքավորումը թողարկում է շուրջ 10 000 նամակ: Գործընթացն իրականացվում է Փոստի փոխանակման կենտրոնի հատուկ առանձնացված տեղամասում, որը հագեցած է տեսահսկման համակարգով: Ծառայությունն իրականացվում է կատարյալ գաղտնիություն ապահովմամբ: «Հայփոստ» ընկերությունը նախատեսում է նմանատիպ տեսակավորման կենտրոններ գործարկել նաև մարզերում, ինչը թույլ կտա կոնկրետ մարզ հասցեագրված էլեկտրոնային նամակը թղթային տարբերակի վերածել հենց տվյալ մարզում՝ դարձյալ խնայելով մայրաքաղաքից մարզ թղթային նամակ առաքելու ժամանակը: Անդրադառնալով ծառայության առավելություններին՝ «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Համակարգի ներդրումը մեր ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գլոբալ գործընթացի մի մասն է: Մեր գլխավոր նպատակը եղել է պետական գերատեսչությունների համար աշխատանքի ավտոմատացումն ու ֆինանսական ծախսերի օպտիմալացումը, օպերատիվության ապահովումը: Եթե նախկինում Երևան քաղաքում գործընթացը տևում էր 4-5 օր, ապա Հիբրիդ փոստի միջոցով այն կրճատվում է՝ դառնալով 1 օր, իսկ մարզերում՝ 7 օրվա փոխարեն կդառնա 4 օր»: Հիբրիդ փոստ ծառայության օգտատերերը անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին, ինչպես նաև՝ օպերատիվ տեղեկություն ստանալ հանձնման/ անհաջող հանձնման վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր