90920 դիտում
09:54 01-08-2020
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Chariot-ն ու ВАЗ 2106-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 08։20-ի սահմաններում Մասիս-Սայաթ-Նովա գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Chariot-ը և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։
Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և պետի տեղակալ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Ն. Բադալյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+