211652_close_icon
views-count6066 դիտում article-date 00:03 01-08-2020

Իմ տեսակետը ցանկացած հարցի, այդ թվում՝ Ամուլսարի վերաբերյալ, չի կարող տարբերվել վարչապետի կամ մեր կառավարության դիրքորոշումից. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարության առաջնային խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն է կարճաժամկետ և ռազմավարական երկարաժամկետ գործունեության կտրվածքով, Հանրային հեռուսատեսության հաղորդման ժամանակ նշեց շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Սևանն այս տարի ևս ծաղկել է, սակայն խնդիրը կուտակվել է տասնամյակների անհետևողական և փնթի շահագործումից, որը հանդիսանում էր մեր երկրի բացառիկ շտեմարանը, և գործուն քայլեր են անհրաժեշտ, որպեսզի կանխվի վիճակի հետագա վատթարացումը, և իրավիճակի կրկնությունը չեզոքացվի»,- նշեց նա: Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որպես առաջնային քայլ պետք է Սևանի ավազանը մաքուր պահել և տնտեսվարողների կողմից թափոնների, այդ թվում՝ կոյուղու արտանետումների ուղղակի միախառնվելը խոչընդոտել, ինչը ենթադրում է հավելյալ ֆինանսական միջոցների ներառում: «Կան ապօրինի կառուցապատումների և հողազավթումների բազմաթիվ դեպքեր. շուրջ 500 հեկտար բուսածածկ տարածքներ կան, որոնք լճի տակ են անցնում և բերում լճի ճահճացման և կապտականաճ ջրիմուռների առաջացման»,- նշեց նախարարը: Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօր խորհրդակցություններ է ունեցել շրջակա միջավայրի նախարարության պաշտոնատար անձանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ շրջակա միջվայրի կառավարումը բառացիորեն բխում է քաղաքացիակենտրոն այն քաղաքականությունից, որը իրականացնում է կառավարությունը: «Նախկինում շահագործված և կիսաշահագործված լքված բազմաթիվ հանքավայրեր, փակ և կիսափակ պոչամբարներ բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքացիների առողջության համար: Շատ խնդիրներ չէինք ունենա, եթե պետական վերահսկողական կառույցները հետևողական լինեին, ընթացիկ տնտեսվարողներն օրենքի պահանջները և իրենց գործառույթները լիարժեք իրականացնեին: Գործող օրենսդրությամբ փակ պոչամբարների նկատմամբ պետք է իրականացվեն վերականգնողական աշխատանքներ, բայց այսօր ցույց տվեք մի պոչամբար՝ ամենալուրջ հանքարդյունաբերողներից սկսած, ովքեր վերականգնողական աշխատանքներ են արել, կարծես լքված ապոկալիպտիկ տարածքներ լինեն այս դրախտային երկրում»,- ընդգծեց Պետրոսյանը: Անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ շրջակա միջավայրի հետ աղերսվող ցանկացած երևույթ շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է, բայց ընթացիկ կառավարման առումով, գուցե, կան պետական այլ գերատեսչություններ, որոնք կառավարման իմաստով կոնկրետ պատասխանատվություն են կրում: «Ամուլսարի մասին կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ կծանոթանամ փորձագիտական գնահատականներին, ինչպես նաև հանդիպումներ և կոնսուլտացիաներ կիրականացնեմ: Պատրաստ եմ պարզ, թափանցիկ և ազնիվ զրույցի թե՛ բնապահպանների, թե՛ շահագրգիռ կողմերի և թե՛ ՀՀ քաղաքացու հետ: Սակայն խոշոր հաշվով պետք է արձանագրեմ, որ իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ, այդ թվում՝ Ամուլսարի հետ կապված, չի կարող տարբերվել վարչապետի կամ մեր կառավարության դիրքորոշումից, բնականաբար, գործելու ենք կոնտեքստում, իսկ կոնկրետ, առարկայական գնահատականներ և տեսակետներ կհնչեցնեմ որոշակի ժամանակ անց»,- ասել է նա: Շրջակա միջավայրի նոր նախարարն, անդրադառնալով անտառների խնդրին, նշեց, որ Կոտայքում կապ է հաստատել գլխավոր դատապազությանն և մարզի դատախազի հետ, ինչը արդյունքում 106 հեկտար անտառածածկ տարածքի մասնավորեցման հարցով քրեական գործ է հարուցվել: «Այս պահին Կոտայքի մարզում՝ առաջին ատյանի դատարանում, մի շարք դատական գործեր են քննվում անտառածածկ տարածքները սեփականատերերից հետ վերցնելու, պետությանը և համայանքներին հանձնելու համար: Խոսքը Հրազդան, Ծաղկաձոր և Մեղրաձոր համայնքների մասին է: Ճակատագրի հեգնանքով նաև Կոտայքի մարզպետարանն է պատասխանող կողմ»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր