211652_close_icon
views-count43504 դիտում article-date 17:23 20-07-2020

Ավտոտնակները քանդվում, տեղում կառուցվում են խաղահրապարակներ․ Երևանի բակերը բարեկարգվում են

Քանդվող շինություններն ապօրինի կառույցներ չեն: Քանաքեռ - Զեյթունի բնակիչների սեփական ավտոտնակներն են, որոնց տեղում ամիսներ հետո բարեկարգ բակ կլինի: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ «Բնակիչների հետ համաձայնության գալով` 9 ավտոտնակ է քանդվում, տեղում կկառուցենք խաղահրապարակ, կլինի կանաչ գոտի»,- նշում է Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Վարչական շրջանների այս տարվա ծրագրերով կբարեկարգվի ավելի քան 65 բակ: Կկառուցվեն ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: «Այս տարի Էրեբունիում կառուցվում է փոքր ֆուտբոլի 2 խաղադաշտ, նաև՝ երկու այգի, բակային տարածք», - ասում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը: Բարեկարգ բակից՝ նորոգված մուտք: Վարչական շրջանների ծրագրերով վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը: Նորոգման ընթացքում հին, կոտրված ապակիներով պատուհանները փոխարինվում են նորերով: 2020 թվականի վարչական շրջանների ծրագրով կնորոգվի 590 մուտք: Վարչական շրջաններում այս օրերին նաև ասֆալտապատում է արվում: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բակում ընթացող աշխատանքներին անձամբ են հսկում: «Այս տարվա մեկնարկած ծրագրերից ամենամեծը բակային ասֆալտապատման ծրագիրն է՝ շուրջ 35400 քմ, ինչը 2018 թվականի համեմատ մոտ 5 անգամ ավելի է»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը: Նորքում բակային ասֆալտապատումն արդեն ավարտել է: Հիմա երեխաները հանգիստ խաղում, մեծերն էլ անցուդարձ են անում: Նորք-Մարաշ բարձրացող այլընտրանքային 2-րդ ճանապարհի նեղության պատճառով վթարները հաճախակի էին: Այժմ ճանապարհ ավելի քան 1 մետր լայնացվում է: «Սերո Խանզադյան փողոցը կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար: Լայնացնելուց հետո տարածքը կասֆալտապատվի»,- նշում է Նորք -Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոն Ղազարյանը: Արաբկիրում մայթերի կառուցմանն ու նորոգմանը զուգահեռ այս տարի հետիոտների համար կարևոր մի ծրագիր է մեկնարկել: Ավտոկայանատեղի դարձած 4 փողոցների մայթերը կսահմանազատվեն և կծառայեն միայն հետիոտնին: Համայնքային ծրագրերին զուգահեռ մասնավոր հատվածն իր հերթին ևս քաղաքի բարեկարգման անմիջական մասնակիցն է: Ամեն օր Երևանն արթնանում ու ապրում է քաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ավելի քան 1 միլիոն ձայներով: Այդ ձայները լռեցնում է քաղաքի շինարարական աղմուկը. ասֆալտապատում, մայթերի կառուցում, վերանորոգում, որոնք վաղվա Երևանը կդարձնեն բարեկարգ ու հարմարավետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր