Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։
Եվ այսպես, մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն մի շարք ծրագրերի շրջանակներում
• Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
• Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
• Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց
• Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
• Ջրառատի միջնակարգ դպրոց:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ` Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:
Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:
Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: