211652_close_icon
views-count4146 դիտում article-date 11:57 18-06-2020

Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 44-ի վիճակը ծանր է, 131-ինը՝ ծայրահեղ ծանր, 39-ը շնչառական ապարատի են միացված

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համավարակը: «Երեկ 665 նոր դեպք ենք հայտանաբերել, մեզ չի հաջողվում թվերը իջեցնել ու մենք գիտենք դրա պատճառը, հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել՝ կանոնները պահպանելու նպատակով»,- ասաց նա։ Անդրադառնալով պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ ունենալու որոշմանը, վարչապետը պարզաբանեց, որ եթե քաղաքացին դիմակ չի կրում, դա հնարավորություն կտա վարչական վարույթ հարուցել: «Ոստիկանը մոտենում է նրան ու արձանագրում, որ չունի նաև փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարչական իրավախախտում ու երկու առանձին վարչական վարույթով է արձանագրվելու։ Մենք նաև արձանագրում ենք, որ պետական բոլոր այն մարմինները, ովքեր գործ ունեն քաղաքացիների հետ, նրանք պարտադիր հերթերը պետք է կարգավորեն ոչ միայն տարածքում, այլև՝ տարածքից դուրս»,-ասաց նա։ Վարչապետն ասաց, որ այս առումով տեսել են մի շարք լավ օրինակներ, բայց մինչև այժմ էլ ստանում են լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այսօր ժամը 9:00-ի դրությամբ 143 հոգի ունի նեղ մասնագիտական հիվանդանոցներում հոսպիտալիզացիայի կարիք, որոնցից 20-ը գտնվում է տանը, 9-ը թեթև ծանրության, 16-ը միջին ծանրությանը: «Ես հայտարարել էի, որ համաճարակային միտումներով ավելի լավ ենք, քան կանխատեսել ենք, բայց չի նշանակում, որ իրավիճակը ավելի բարվոք է, քանի որ խնդիրը բացարձակ թվերն են: Այս պահին 263 ռեանիմացիոն մահճակալ ունենք տրամադրված կորոնավիրուսին, սակայն ազատ տեղեր պրակտիկորեն չկա, դրանք շատ արագ են ծանրաբեռնվում: Ունենք 44 ծանր, 131 ծայրահեղ ծանր դեպք, որից 39 շնչառական ապարատի են միացված»,-հայտնեց նախարարը: Վարչապետը նշեց նաև, որ այլ հիվանդություններով ևս հիվանդանում են մարդիկ և նրանց էլ պետք է բուժօգնություն տրվի: «Եթե այս թվերը չպակասացնենք, խնդիր կառաջանա զրոյից նոր հիվանդանոց կառուցելու, որը կտևի երեք տարի, մեկ տարի»,-ասաց նա և նշեց, որ խնդիրն առողջապահության համակարգից դուրս է և մեր վարքագծում է։

Նմանատիպ նյութեր