ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրավապահները այսօր՝ հունիսի 14-ին՝ վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:
Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են շտապել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը և այլք:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաև հրաժարականների տեսքով։