211652_close_icon
views-count1462 դիտում article-date 17:00 12-06-2020

Վեբինար՝ նվիրված Դատական կատարողի 13-րդ համաշխարհային օրվան

1952 թվականին ձևավորված Դատական կատարողների միջազգային միությունը (ԴԿՄՄ), որին այսօր անդամակցում է 80-ից ավելի պետություն, Դատական կատարողի համաշխարհային օրը նշում է դեռևս 2007 թվականից: Հայաստանի Հանրապետությունը Միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականից: Այս տարի՝ հունիսի 11-ին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Դատական կատարողի 13-րդ համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը Միության կողմից կազմակերպվել էր առցանց՝ «Դատական կատարողը ձեր կողքին է՝ լուծելու Covid-19-ի ճգնաժամը» թեմայով վեբինար ձևաչափով, որին մասնակցում էր 25 երկրի ավելի քան 220 ներկայացուցիչ: Վեբինարի նպատակն էր քննարկել համավարակի հետևանքով հարկադիր կատարողների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Միության մշակած հայեցակարգերը, Covid-19-ի պայմաններում դատական ակտերի կատարման միջոցները, դրանց չկատարման հետևանքով առաջացող խնդիրները։ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիտցն իր խոսքում նկատել է, որ նախադեպը չունեցող խնդրահարույց այս իրավիճակում դատական կատարողի մասնագիտությունը ցուցաբերում է հարմարվողականություն համարժեք պատասխաններ գտնելու համար։ Այս համատեքստում վեբինարի զեկուցողներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից էլեկտրոնային և հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի առանձնահատկություններին: Տոնի կապակցությամբ Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ անցկացվել է նաև հատուկ խորհրդակցություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմի առանձին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շնորհավորելով գործընկերներին օրվա առթիվ՝ Սերգեյ Մեղրյանը, նշել է, որ Դատական կատարողների միջազգային միությունը պատրաստակամ է օժանդակել Ծառայությանը՝ հաղթահարելու առաջադրված մարտահրավերները, և առաջիկայում բարեփոխումների որդեգրած քաղաքականությունն իրագործելու ճանապարհին նախատեսվում է Միության հետ զարգացնել առավել սերտ համագործակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում կատարողական գործողությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ համավարակի պայմաններում հարկադիր կատարողի բնականոն և անվնաս աշխատանքի կազմակերպումն ապահովելու համար։

Նմանատիպ նյութեր