211652_close_icon
views-count6292 դիտում article-date 23:28 27-04-2020

Mezzo TV-ն կհեռարձակի Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Mezzo TV-ի բանակցությունների արդյունքում Mezzo հեռուստաընկերության եթերում կհեռարձակվեն մեր մեծ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սիմֆոնիաների կատարումները կհեռարձակվեն հունիս և հուլիս ամիսներին։ Յուրաքանչյուր ստեղծագործությունը կներկայացվի 10 անգամ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ Mezzo TV-ի հետ նման համաձայնության հասել են ամիսների բանակցությունների արդյունքում‚ և այս նախաձեռնությունը հայկական երաժշտությունը միջազգային հարթակներում հանրայնացնելու իրենց առաքելության շրջանակում է։ Ըստ նրա՝ նվագախումբը կարևորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ գործակցությունը‚ քանի որ այդպիսով աշխարհին ներկայացվում են հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստները՝ մեր մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին, երաժշտական մենեջերներին։ Նշենք‚ որ Mezzo-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Ֆրանսիական Mezzo-ն հիմնադրվել է երաժշտասերների համար, ովքեր գնահատում են գեղեցիկը, հետաքրքրվում են երաժշտության պատմությամբ։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ։

Նմանատիպ նյութեր