211652_close_icon
views-count2720 դիտում article-date 20:49 13-08-2014

Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան՝ Շուշիի ամրոցում

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 1-ին, Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան /լիբրետոն` Վլադիմիր Շահնազարյանի, ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների/: «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է` Սարինե Ավթանդիլյանը: Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան, ռեժիսոր` Մարիա Սահակյան, նկարիչ` Աստղիկ Ստեփանյան, խորեոգրաֆ` Արա Ասատուրյան: Մենակատարներ` Գուրգեն Բավեյան /բարիտոն/, Ռուզան Մանթաշյան /սոպրանո/, Լիպարիտ Ավետիսյան /տենոր/, Արմեն Մարգարյան /ասմունք/, Ռիմա Պիպոյան /պար/: Ներկայացմանը մասնակցում են` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը /գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան/ և բալետային խումբը /գլխավոր բալետմայստեր` Վիլեն Գալստյան/, «Սպեղանի» երիտասարդական երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սարինե Ավթանդիլյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբ /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան/: Ավետ Տերտերյանը «Կրակե օղակ» օպերան գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրել են Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը: Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր բեմերում՝ միջազգային փառատոների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում:

Նմանատիպ նյութեր