211652_close_icon
views-count2928 դիտում article-date 14:01 26-04-2020

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մուտքի ու ելքի սահմանափակումները երկարաձգվել են

ՀՀ պարետի որոշմամբ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Մարալիկ և Ձորակապ համայնքներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը, ժամը 23։59-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հղում անելով է e-gov.am կայքին: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը՝ կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվածք դրսևորելու համար»,- հավելում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մինչ այս, պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, Մարալիկում ու Ձորակապում սահմանափակումները կիրառվելու էին ապրիլի 19-ից մինչև ապրիլի 25-ը: Ապրիլի 25-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում նոր կորոնավիրուսով վարակված 63 քաղաքացի, նրանցից 54-ը Շիրակի մարզի բնակիչներն են: Մինչ օրս մարզում հաստատվել է 77 դեպք: Վարակվածներից 10–ը տեղափոխվել են Երևան, 10–ը` ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Արձանագրվել է մահվան 3 դեպք:

Նմանատիպ նյութեր