211652_close_icon
views-count991 դիտում article-date 12:44 16-04-2020

ԿԲ նախագահի թեկնածուն բանկի մանդատի ընդլայնման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը կարծում է, որ ԿԲ-ի մանդատը ճիշտ է ընտրված և այս պահին այն ընդլայնելու կարիք չկա: «[url=https://armenpress.am/arm/news/1012382.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հարցին: Միրզոյանը նկատեց, որ որոշ երկրներ գնում են ԿԲ-ի մանդատն ընդլայնելու ուղղությամբ, ԿԲ-ին օժտում են գործառույթներով, որոնք միտված են նպաստելու երկրի տնտեսական աճին: Նա հետաքրքրվեց, թե Հայաստանում ակտուա՞լ է այդ հարցը: «Արյդոք եղած մակարդակն այնքան կայացած ու պաշտպանված չէ՞, որ կարելի է մտածել մանդատի ընդլայնման մասին»,-հետաքրքրվեց ԱԺ նապագահը: Գալստյանը նշեց, որ տեսական քննարկումներ կան, թե ԿԲ-ի մանդատը պետք է լինի գների կայունություն ու ֆինանսական կայունությո՞ւն, թե՞, օրինակ, գների կայունություն ու գործազրկություն: «Ես կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս իրավիճակում մանդատը ճիշտ է ընտրված: Եվ մեր ունեցած մանդատը, որը վերաբերում է գների կայունությանն ու ֆինանսական համակարգի կայունությանը, իրար և´ փոխլրացնող են, և´ միմյանց հետ բախման մեջ են: Կա կոորդինացիայի խնդիր»,-ասաց թեկնածուն: Նա նկատեց՝ ապացուցված է, որ ԿԲ-ի կողմից կայուն մակրոմիջավայրի ստեղծումն ինքնին նպաստում է տնտեսական աճին, որովհետև ստեղծում է կանխատեսելիության այն միջավայրը, որտեղ ներդրողները ցանկանում են ներդրում անել: «Իսկ ներդրումները մեր տնտեսական աճի կարևորագույն գործոններից մեկն են: Այնպես որ, կարծում եմ, տնտեսական աճը ԿԲ-ի մանդատին որոշակիորեն ֆորմալացնելու կարիք չկա»,-նշեց Գալստյանը: Նա հիշեցրեց, որ տնտեսական աճի վերաբերյալ խնդիրները ԿԲ-ի մշտական դիտարկման մեջ են, և տոկոսադրույքի որոշումները կայացնելիս նաև հաշվի են առնվում այդ գործոնները: Բայց ֆորմալ առումով մանդատում դա ֆիքսելը, կարծում է, որ այս պահին դեռ վաղ է:

Նմանատիպ նյութեր