211652_close_icon
views-count6877 դիտում article-date 16:12 12-04-2020

«Մի՛» մնա տանը․ Դոպինգ կրեատիվ ընկերությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և մի շարք հայտնի հայեր ու մշակույթի գործիչներ կոչ են անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

COVID-19 համավարակի կայծակնային արագությամբ տարածումը կանխելու նպատակով ամբողջ աշխարհում տարբեր պետություններ զանազան կանխարգելիչ միջոցառումներով են հանդես գալիս, գրեթե բոլոր երկրներում սահմանափակել են քաղաքացիների տեղաշարժը։ Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց արտակարգ դրություն, ինչը ենթադրում է, որ հանրապետության ողջ տարածքում արգելվում է քսան և ավելի անձանց մասնակցությամբ հավաքների կազմակերպումը, բողոքի ցույցերի, հանրային միջոցառումների անցկացումը և այլն։ Իսկ արտակարգ դրության ընթացքում սահմանվել են մի շարք նոր կանոններ։ Բոլոր կանխարգելիչ միջոցառումները միավորվել են մեկ հիմնական գաղափարի շուրջ` մնալ տանը և հնարավորինս սահմանափակել արտաքին շփումները: Այս ընթացքում շատ մարդիկ հանդես եկան տանը մնալու իրենց կոչերով, դրանց միացան տարբեր ընկերություններ, լայն տարածում գտան #մնատանը, #փրկիրկյանքեր, #հարթեցրուկորը կոչերն ու հեշթեգերը։ Այս և նմանատիպ արտահայտությունների կարող ենք հանդիպել ամեն պահ, որոնք այլևս որևէ ազդեցություն ու էմոցիոնալ արձագանք չեն առաջացնում։ Ու ցավալին այն է, որ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ապրել իրենց առօրյան այնպես, ինչպես միշտ են ապրել. սա այն դեպքերից է, երբ տանը մնալու կոչերը մնում են անպատասխան կամ երբեմն դրանց պատասխանները անհիմն պատճառաբանությունների տեսքով են: Այս խնդրի լուծման համար յուրահատուկ մոտեցմամբ հանդես է եկել Doping Creative Agnecy-ն, որը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ հայտնի անձանց շուրթերից հնչեցրեց տանը չմնալու այդ բազմաթիվ անհիմն «պատճառաբանությունները»՝ ուշադրություն հրավիրելով դրանց հետևանքների վրա։ Հաշվի առնելով վարակի տարածման վտանգը՝ հոլովակը նկարահանվեց հեռահար տարբերակով։ Ոչ բոլորն են գիտակցում վտանգի լրջության աստիճանն ու կարևորությունն ամբողջ երկրի համար։ Ըստ այդմ, նախագծի մասնակիցները կոչ են անում՝ «Մի՛ մնա տանը, որովհետև․․․»: Այս ուղերձը ևս մեկ անգամ ընդգծում է տանը մնալու և ինքնամեկուսացման ցուցումներին հետևելու կարևորությունը․ այս պահին դա՛ է հիվանդության տարածումը կանխարգելելու ամենաարդյունավետ գործիքը։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ երկրի առողջապահական համակարգը չի կարող իջեցնել վիրուսի տարածման տեմպը, եթե դրան չնպաստի ողջ բնակչությունը։ Տանը չմնալու պատճառները կարող են ամեն օր ավելանալ, համավարակի տարածումը՝ նույնպես․․․ Մնա տանը․․․ Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 հեռախոսահամարներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր