211652_close_icon
views-count4089 դիտում article-date 13:19 09-04-2020

Հաստատվեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը. աջակցություն կստանան միկրոձեռնարկատերերը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը, որը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, այս միջոցառմամբ թիրախավորվել են այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են, սակայն միկրոձեռնարկատիրության առումով թիրախավորվել են երեք խումբ անձինք: 1. 2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ 2. 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր (ինքնազբաղվածներ) 3. 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։ 2020-ի հունվարի 1-ից դիմել են որ ընդգրկվեն միկրոձեռնարկատերերի ցանկում: Անանյանի խոսքով, աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ): Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եւ չեն հանդիսանում անհատ ձեռնարկտեր, ինչպես նաեւ այն անձինք, որոնք 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ ունեն ներկայացրած ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ շտեմարանում չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ: «Օժանդակության հիմքում դրվում է մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների իրացման շրջանառության հասույթը»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այդպիսի շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։ ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնք ունեն 2 եւ վելի աշխատակից, քանի որ նրանք կարող են օգտվել հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառու: Բացի այդ, սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը:

Նմանատիպ նյութեր