1424 դիտում
10:11 07-04-2020
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ; Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի կանայք,
Այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով եմ շնորհավորում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։
Երախտագիտությունս նաև բոլոր այն կանանց՝ ոստիկան թե զինվորական, փրկարար թե ծառայող, ովքեր աշխատանքի, մասնագիտության բերումով և հոգու կանչով այս օրերին վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը բոլորիս համար, այն կանանց, ում ամուսիններն այս օրերին հիվանդանոցներից, ծառայությունից ու աշխատավայրից գրեթե տուն չեն գալիս՝ իրենց պարտքը կատարելով:
Կինը և հատկապես հայ կինը մշտապես եղել է ընտանիքի սյունն՝ իր վրա վերցնելով առավելագույն ծանրությունը, հոգսերն ու դժվարությունները։ Հիմա, երբ իրավիճակից ելնելով, շատերը ստիպված են առավելապես տանը մնալ, կնոջ հոգսն ու ծանրաբեռնվածությունն ավելի են մեծացել՝ պայմանավորված նաև առօրյա ընտանեկան կյանքի կազմակերպմամբ, երեխաների և թոռների հեռավար կրթությամբ, տնտեսական խնդիրներով և այլն։ Սակայն հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ, հավատալով, որ ցանկացած դժվարություն անցողիկ է։
Սիրելիներս,
Գարունը միշտ սպասումներով ու հույսերով է լի։ Այս տարվա տոնական շնորհավորանքների մեջ միգուցե արտաքին փայլն ու ձևը մի փոքր ավելի զուսպ են։ Սակայն հավատացեք, որ մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ երբեք չեն փոխվում՝ երբ հայրը հուզվում է փոքրիկ դստեր ճռվողյունից, երբ երիտասարդի սիրտը թրթռում է սիրելիի ժպիտից, երբ, անկախ տարիքից, կարոտում ենք մեր մորն ու կնոջը, և մեր թոռան մեջ տեսնում նրանց շարունակությունը:
Որովհետև, սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով:
Պահպանեք ձեզ, եղեք առողջ, եղեք երջանիկ, ապրեցեք երկար»։
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
10:39 07-04-2014
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
1654 դիտում
11:49 07-04-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
1510 դիտում
15:44 07-04-2014
Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ