211652_close_icon
views-count1724 դիտում article-date 14:06 06-03-2020

Հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականությունները կվերանան

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը, որ վերաբերում է հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացին։ Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դրա նպատակը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում հայեցողական որոշումների կայացման հնարավորությունները բացառելն է։ Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Միաժամանակ կան հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց «հաշմանդամ երեխա» կարգավիճակը 2 տարի ժամկետով սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ բուժական (այդ թվում վիրահատական) և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել մինչև 5 տարի դիտման պայմաններում։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, նախագծով սահմանել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով՝ տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ ֆունկցիոնալ խանգարումը ամենայն հավանականությամբ կշարունակվի, 3-րդ տարվա դիտարկման դեպքում «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով՝ ֆունկցիոնալ խանգարման կայունությունը ճշտելու համար, 5 տարի ժամկետով՝ այն հիվանդությունների դեպքում, երբ բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել 5 տարի անց։ Ցանկերում չընդգրկված հիվանդությունների բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը կսահմանվի 2 տարի ժամկետով։ «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ մինչև 18 տարին լրանալը ժամկետով կսահմանվի կենսագործունեության մշտական սահմանափակման դեպքում։ Հաջորդ փոփոխությունը, որը հավանության է արժանացել Կառավարության կողմից, վերաբերում է անժամկետ հաշմանդամության սահմանմանը։ Հստակեցվել են անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը. Եթե միևնույն հիվանդությունով անձը ենթարկվել է 7 տարվա դիտարկման, ապա հաշմանդամությունը անժամկետ կսահմանվի 8-րդ տարվա դիտարկման դեպքում։ Նշենք, որ խոսքը չի վերաբերում 7 տարի անընդմեջ հաշմանդամության խումբ ունենալուն, այլ նույն հիվանդությամբ կարգավիճակ ունենալու՝ տարիների ընդհանուր հանրագումարին։ Նախագծի ընդունման արդյունքում ոչ միայն կկիրառվեն միասնական օբյեկտիվ չափորոշիչներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում, այլև կնվազի հանձնաժողովներին հաճախակի դիմելու անհրաժեշտությունը, ինչը էապես կհեշտացնի հաշմանդամություն ունեցող չափահասների, երեխաների և նրանց ծնողների կյանքը։ Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության մասնագետների հետ սերտ համագործակցությամբ։ Հիվանդությունների ցանկերը կարող եք տեսնել այստեղ:

Նմանատիպ նյութեր