2249 դիտում
15:55 26-02-2020
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց միջնորդությունը. News.am
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Որոշումը դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց այսօր՝ փետրվարի 26-ին, Հայտնում է [url=https://news.am/arm/news/562430.html]News.am[/url]-ը։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները երեկ՝ փետրվարի 25-ին, բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ դիզվառելիքի գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։ Միջնորդությանը միացան նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները։
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Հիշեցնենք, որ դատավարության մեկնարկի օրը երրորդ նախագահը բարձրախոսով շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին դատարանի բակում հավաքվելու համար։
Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ Արցախի հարցի վերաբերյալ եւ շեշտել, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։
Հավելենք, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, եւ, որ մեղադրանքի հիմքում ընկած է քաղաքական հետապնդումը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։ Այնուամենայնիվ, մեղադրող դատախազը առարկել էր պաշտպանի այն հայտարարությանը, թե մեղադրանքի հիմքում մեկ ցուցմունք է։
Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել էր հայտարարություն, ըստ որի, գործն ուղղորդված է եւ պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։
Հայտարարությունում նաեւ ասվում էր, որ նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից. «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում»:
Նշենք, որ դատավարությանը զուգահեռ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, հավաքված են երրորդ նախագահին աջակցող քաղաքացիներ, ՀՀԿ անդամներ։
Նմանատիպ նյութեր
14712 դիտում
09:53 15-08-2018
Մեղադրող կողմն ինչո՞ւ բացարկ չի հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին․ «Ժողովուրդ»
832 դիտում
08:00 24-09-2024
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը
946 դիտում
20:04 27-12-2024
Ազգային ժողովում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
748 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը