117951 դիտում
13:18 21-02-2020
«Կասկադյորական» ավտովթար Երևանում. 31-ամյա վարորդը Hyundai-ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հարակից տարածքում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Բ-ն իր վարած Hyundai մակնիշի 308 AC 61 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի աջ հատվածում գտնվող եզրաքարերին, այնուհետև՝ թիվ 87 էլեկտրասյանը, որից հետո դուրս գալով երթևեկելի գոտուց՝ գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի հարակից տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մովսես Բ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրա Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Անդրանիկ Իսախանյանի և Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+