211652_close_icon
views-count6551 դիտում article-date 20:21 20-02-2020

Շնչառական վարակներով պայմանավորված՝ թեպետ իրավիճակը կայունանում է, սակայն Երևանի հիվանդանոցները դեռևս գերծանրաբեռնված են

ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն, հատկապես, Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են աշխատել գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում, շնչառական վարակներով պայմանավորված՝ բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝ 209 երեխա: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է. · պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, · խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, · եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, · եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, · մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, · հագնվե´ք եղանակին համահունչ, · պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, · օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, · հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, · հետևե´ք անձնական հիգիենային։

Նմանատիպ նյութեր