8132 դիտում
18:02 10-02-2020
«Մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում». Արթուր Վանեցյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական [url=https://www.interfax.ru/world/694717]«Интерфа́кс»[/url] գործակալությանը` նշելով, որ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
«Նոր քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ-աջ կենտրոնամետ ուժ, իսկ գաղափարախոսության ու ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Ներկա դրությամբ լայն խորհրդակցությունների գործընթացի մեջ ենք համախոհների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք հստակ ծրագրային դրույթներն ու հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժն ընդդիմություն կլինի»,- հայտարարել է Վանեցյանը:
Նրա խոսքով` ներկա դրությամբ Հայաստանում շատ խնդիրներ են առաջացել, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից:
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով` Հայաստանում «հնարավոր չէ վերադարձ անցյալին»: Միևնույն ժամանակ Վանեցյանը դեմ է հասարակության շրջանում «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով կոշտ սահմանազատմանը:
«Այս հենակետն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչը անթույլատրելի է իրավական պետություն ստեղծելու, իշխանության ճյուղերի տարանջատման և քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ` այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի: Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով... Եվ մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:
Նա նշել է նաև, որ «թավշյա հեղափոխության» օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:
«Խոստացան և չարեցին»,-նշել է գործակալության զրուցակիցը:
«Լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, մենք ստացանք նոր ներքին ճեղքումներ, բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների», որոնք անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է ուժային կառույցներում այս ամենի անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:
Վանեցյանը նշել է, որ 2019 թվականին, երբ նա լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իր և Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններն անհաղթահարելի էին դարձել:
Նմանատիպ նյութեր
1909 դիտում
15:03 01-09-2020
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը
Այս բաժնից
484 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
877 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
466 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը