211652_close_icon

«Զեյթուն» ապրանքանիշի էկլերից թունավորվածների վիճակը բավարար է, թունավորման դեպքեր են տեղի ունեցել նաև Սյունիքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count22313 դիտում article-date 10:44 07-02-2020
Լոռու մարզի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ու Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում դեռեւս բուժում ստացող հիվանդների վիճակը բավարար է: Նրանք առաջիկայում դուրս կգրվեն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող հիվանդները Shamshyan.com-ի հետ զրույցում հայտնել են, որ թունավորվել են «Զեյթուն» ապրանքանիշի էկլեր տեսակի խմորեղենից: «Բոլոր հիվանդները, որոնք ընդունվում էին հիվանդանոց, ասում էին, որ էկլեր են կերել: Հիմնական հոսքը եղել է շաբաթ-կիրակի: Մինչ օրս ինֆեկցիոն հիվանդանոց ընդունվել է 40 հիվանդ»,- ասաց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը՝ նշելով, որ հիվանդանոցն ապահովված է եղել անհրաժեշտ դեղորայքով եւ այն ամեն ինչով, ինչ անհրաժեշտ է եղել արագ արձագանքման ու բուժման կազմակերպման համար: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց, որ Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ էկլեր տեսակի քաղցրավենիք օգտագործել են հիվանդներից 41-ը: Համաճարակաբանական հետազոտություններով պարզվել է նաեւ, որ այդ քաղցրավենիքն արտադրվել է Երեւանի «Զեյթուն» ֆիրմայի կողմից: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի արտադրությունում: Հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր: Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզկենտրոնների բժշկական հաստատություններ է դիմել 60 քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ: Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգն ստանալուց անմիջապես հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ: Մասնավորապես, հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզելով, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր տեսակի թխվածք օգտագործելու արդյունքում՝ հետագծելիությամբ պարզել են, որ բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետ՝ թերությունը շտկելու համար։ Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից՝ ջնարակապատ էկլերից: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: Լուսանկարներն և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր