211652_close_icon
views-count5902 դիտում article-date 10:21 03-02-2020

Ամուլսար լեռան վրա կենդանական աշխարհի նոր տեսակ է հայտնաբերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կենդանաբան Վասիլ Անանյանը 2019թ.-ի ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ արդյունքներ է գրանցել. Վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է հայտնաբերել: «Հայաստանի համար նոր տեսակ՝ Aeshna juncea: Հայտնաբերվել է (2018) 2019 թ. Ամուլսար լեռան վրա: Սա հազվագյուտ եւ փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- լուսանկարներին կից [url=https://www.facebook.com/vasil.ananian/posts/129507108568726]գրել է[/url] նա: Հայաստանի համար մյուս նոր տեսակը՝ Sympetrum arenicolor, հայտնաբերվել է Հայտնաբերվել է Վեդիի եւ Խոր Վիրապի շրջակայքում 2019թ.-ի աշնանը: [url=https://econews.am/?p=11272&l=am]EcoNews.am[/url]-ը զրուցեց Կենդանաբան Վասիլ Անանյանի հետ, որը հայտնեց՝ ուսումնասիրության մասին ամբողջական հոդվածը լույս կտեսնի գարնանը: «Այնտեղ շատ հետաքրքիր նյութեր կան այդ միջատի մասին, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն»,- նշեց նա: Aeshna juncea տեսակը հայտնաբերվել է Ամուլսարի լանջին: Մեզ հետ զրույցում Վասիլ Անանյանը մանրամասնեց. «Հանքավայրի տարածք է, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել. այնտեղ ոչ մի տեղ նշված չեն այդ սահմանները: Տարածքում ես նաեւ մեկ լիճ կուզեի ստուգել, որտեղ չկարողացա գնալ, քանի որ ասեցին, թե հանքի տարածքում է. Բենիկի լիճը: Ես արբանյակային նկարներով նայել եմ այդ լիճը եւ այնտեղ առափնյա բուսականությունը մաքրել են, ինչ-որ աշխատանքներ են արել, իսկ դա նշանակում է՝ կենդանին, որը 99 տոկոս հավանականությամբ այնտեղ ապրում է, ջրի ռեժիմի հետ փոփոխություններն իր վրա կարող են բացասական ազդել, բայց ես չեմ կարողացել այնտեղ գնալ»: Մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք տեսակը մինչ այժմ եղել է Հայաստանում, կենդանաբանն ընդգծեց, որ տեսակը Հայաստանում կա սառցե ժամանակաշրջանից մինչ այսօր, դա ռելիկտային տեսակ է, սակայն մարդիկ մինչեւ այսօր չեն տեսել, չեն հայտնաբերել: Խոսելով կենդանատեսակի տարածվածության մասին Վասիլ Անանյանը նշեց, որ համաշխարհային մակարդակով Aeshna juncea-ը լայն տարածված տեսակ է, ամբողջ Եվրասիայով, նաեւ՝ Հյուսիսային Ամերիկայով եւ միջազգային մակարդակով վտանգված չէ: «Բայց դա մեզ համար այդքան էլ հետաքրքիր չէ, մեզ համար էական է տեսակի վիճակը Հայաստանում, իսկ այդ տեսակետից տեսակը միայն մի փոքր կետից է հայտնի ու այնտեղ ընդամենը մի քանի տասնյակ առանձնյակներ են, ինչը նշանակում է, որ այդ տեսակի թվաքանակը շատ-շատ քիչ է, բայց չի բացառվում, որ Հայաստանում այլ վայրերում էլ հայտնաբերվի... չի բացառվում, բայց դեռ հայտնաբերված չէ»: Հարցին, թե՞ ավելի լայն ուսումնասիրության դեպքում հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հայտնաբերված տեսակները ՀՀ կենդանիների կարմիր գրքում ընդգրկել, մեր զրուցակիցը կարեւոր դիտարկում արեց: Ըստ նրա՝ Sympetrum arenicolor տեսակը, որը հայտնաբերվել է «Խոր վիրապ» պետական արգելավայրի տարածքում, տասնամյակներ շարունակ մարդու կողմից արդեն իսկ ձեւափոխած կենսամիջավայրում է ապրում: «Այս տեսակը մարդու փոփոխության հետեւանքով «բենեֆիտներ» է ձեռք բերել, իրեն այնտեղ ոչ մի բան չի սպառնում, այդ հսկա տարածքում, ճահճուտներում ապրում է, եւ մարդու գործունեությունը նրան չի սպառնում: Այդ տիպի նոր տեսակները շտապ կարգով կարմիր գրքում ներառելու անհրաժեշտություն չկա, բայց մյուս տեսակը, որը հայտնաբերվել է Ամուլսարի տարածքում /Aeshna juncea/, ապրում է շատ սահմանփակ, փոքր կտոր հողի վրա եւ մարդու գործունեությունն այդտեղ կարող է միանգամից ազդել եւ վերացնել այն. նման տեսակներին լուրջ է պետք վերաբերվել: Նման տեսակները, որոնք շատ քիչ տեղերից են հայտնի եւ իրենց բնակավայրերը փոփոխվում են մարդու կողմից, պետք է ուշադրության տակ լինեն եւ անպայման կարմիր գրքում ներառվեն»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, որ 2018թ.-ի ամռանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման տարածքում հայտնաբերվեց կարմիրգրքյան կենդանատեսակ եւ կարմիրգրքյան բուսատեսակ, որոնք նախկինում հայտնաբերված չեն եղել: ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ դրանք հանդիսանում են նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոններ եւ առաջարկեց ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: Իրադարձությունների զարգացման ընթացքում «պարզվեց», որ հայտնաբերվածը չի հանդիսանում նոր էկոլոգիական գործոն, այն դեպքում, երբ ՀՀ ականավոր գիտնականներ պնդել են հակառակը: Արթուր Գրիգորյանն ազատվեց ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից 2019թ.-ի հունվարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր