26975 դիտում
14:36 02-02-2020
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Nissan-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. 3 հոգի թեթև այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վարդենուտ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի 89 GV 900 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Գ.-ն, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 23-ամյա Հովհաննես Մ.-ն և 22-ամյա Կարեն Ո.-ն թեթև այրվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն փրկարարները անելիք չեն ունեցել, քանի որ քաղաքացիները իրենց ուժերով մարել են ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած հրդեհը և դա է եղել պատճառը, որ վարորդը մի պահ խառնվելով՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը ու վթարի ենթարկվել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Արամ Հովսեփյանն ու Արսեն Ենգիբարյանը:
Տեղում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում և այն ուղարկվելու է ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+