3372 դիտում
20:06 30-01-2020
Հայտարարություն Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի և Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ
2020 թվականի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ «անհամաչափ ուժեղ հակահարված տալ» Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին` ի պատասխան վերջինիս հայտարարությանը՝ զրպարտության համար Ն․ Փաշինյանին դատական պատասխանատվության կանչելու մտադրության մասին։
Դրան նախ հաջորդեց հայտնի «գրիչի պատմությունը», սակայն հանրության լայն զանգվածների կողմից «գրիչի փաստարկն» ընկալվեց որպես անտեղի, անհարիր ու անհիմն։ Դրանից անմիջապես հետո՝ հունվարի 29-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում եթեր հեռարձակվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ ռեպորտաժ՝ պատրաստված բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված նյութերի հիման վրա։ Հաջորդ օրը՝ հունվարի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված ռեպորտաժով կիսվեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով հետևյալը․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։
Նշված փաստերի հիման վրա՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն արձանագրում է․
1․ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժն ուղիղ պատճառական կապի մեջ է Հրայր Թովմասյանին «անհամաչափ ուժեղ հակահարված տալու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքի հետ։ Այդ «խոստումը» կատարվել է Հատուկ քննչական ծառայությանը և Հանրային հեռուստաընկերությանը ապօրինի հրահանգներ տալու և, հավանաբար, դրանց կատարումը համակարգելու միջոցով, ինչը, քրեաիրավական իմաստով, իշխանության չարաշահման դրսևորում է (ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդված)։
2․ Հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր ներկայացնել բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն, մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով ռեպորտաժը ներկայացրել է բացառապես մեղադրական կողմի՝ Հատուկ քննչական ծառայության տրամադրած նյութերի հիման վրա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու։ Արդյունքում, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժով իսպառ դադարեցվել է գործել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչը նաև լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է։
3․ «Գրիչի պատմությունից» երեք օր անց Հատուկ քննչական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքից մանրամասներ՝ այն դեպքում, երբ տվյալ գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Այսպիսով, խախտվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հատուկ քննչական ծառայության իրավաբանական գիտելիքները կասկածի տակ չդնելով՝ ստիպված ենք արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայությունը գործում է բացառապես քաղաքական պատվերի և մեկ անձի ամբիցիաների բավարարման շրջանակում՝ այդպիսով վարկաբեկելով իրավապահ մարմինների հեղինակությունը և պրոֆեսիոնալիզմը։
4․ Դեռևս 2019 թվականին հունիսի 24-ին մենք հայտարարել էինք, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ մի քանի օր առաջ սկսված ոտնձգությունը պարունակում է Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հանցակազմի հատկանիշներ (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 հոդված)։ Ստիպված ենք արձանագրել, որ իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը ոչ միայն չի դադարեցվել, այլև այսօր արդեն վերաճել է իշխանությունը յուրացնելու փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-300 հոդված)։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը շարունակելու է հետևողական լինել Հայաստանի Հանրապետության իրավական և ժողովրդավարական բնույթը պաշտպանելու հարցում։ Այդ նպատակով մենք շարունակելու ենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության առողջ կառույցների հետ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ վերջին հակաիրավական զարգացումների վերաբերյալ նյութերը ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին։
Նմանատիպ նյութեր
16913 դիտում
16:20 14-03-2018
Խախտվել են մարդու իրավունքները և լրագրողական էթիկան. Դիտորդների խումբը՝ ՔԿՀ կանանց ծաղրող ռեպորտաժի մասին
Այս բաժնից
1993 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
733 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
886 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը