215836 դիտում
23:33 28-01-2020
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա երիտասարդը նշանածի տանից վերադառնալիս BMW-ով մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արման Մ-ն իր վարած BMW մակնիշի 36 PR 509 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արագյուղ-Զորավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա 28 տարեկան էր, բնակվում էր Բյուրեղավանում և Բուժականում գտնվող իր նշանածի տանից վերադառնում էր Բյուրեղավան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+