Վարչապետը պարզաբանեց, թե Հունան Պողոսյանն ինչպես է կոտրելու նարկոտրաֆիկի ողնաշարը. Tert.am
«Մարզպետը չէ մարզի համար լավ բան անողը, մարզի համար լավ բան անողը կառավարությունն է, որը տասնյակ միլիոնավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել, աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարություն իրականացրել և շարունակելու է իրականացնել»: Այս մասին Կապանում մամուլի ասուլիսի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով հարցին, թե մարզպետ Հունան Պողոսյանը 1,5 տարվա ընթացքում ինչ է արել Կապանի համար: Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ Հունան Պողոսյանի աշխատանքը դրական է գնահատում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/25/Pashinyan/3194048]Tert.am[/url]-ը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե մարզպետին ներկայացնելիս՝ վարչապետը կարևորել էր մարզում միջազգային նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպես է ասել հաշվի առնելով այն, որ Հունան Պողոսյանն իրավապահ համակարգում երկարամյա փորձ ունի, գեներալ է:
«Եթե դուք հետևեք ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրություններին, ապա կտեսնեք՝ ինչ մեծ ծավալի նարկոտրաֆիկի մասին է խոսքը: Մենք այսօր ունենք սահմանի վերահսկողության շատ կոնկրետ խնդիր: Մենք պետք է շարունակենք այս երևույթի դեմ պայքարել, ինչի որևէ մեկի համար գաղտնիք է, որ Սյունիքի մարզը հիմնական տարանցիկ ուղղություններից է»,-ասաց նա:
Լրագրողն արձագանքեց մարզպետի լիազորությունների մեջ չի մտնում նարկոտրաֆիկի դեմ պայքարը:
«Մարզպետի լիազորությունների մեջ մտնում է իրավիճակը գնահատել, տեղեկացնել կառավարությանը և իր լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկել: Կառավարության, վարչապետի լիազորությունների մեջ մտնում միջամտել իրավապահ համակարգի գործունեության»,-ասաց վարչապետը: