211652_close_icon
views-count1777 դիտում article-date 23:30 21-01-2020

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Հունվարի 21-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում անցկացրեց Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և երկխոսության այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ երիտասարդ մասնագետների առավել լայն ներգրավվածություն: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորեց Հայաստանի կրթական կյանքում Ամերիկյան Համալսարանի դերը՝ որպես բազմաոլորտ մասնագետների պատրաստաման դարբնոց: Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ ԱԳ նախարարը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն, նվիրվածություն, միևնույն ժամանակ ստեղծագործ մոտեցում պահանջող աշխատանք է: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ու մոտեցումներին: Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և դեկան Բրայան Էլիսոնը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիրը, որի նպատակն է Նախարարության գործունեության բնագավառին առնչվող ծրագրերի շրջանակներում հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը:

Նմանատիպ նյութեր