211652_close_icon

ԼՀԿ-ն կանխատեսեց Սուրեն Գրիգորյանի պայծառ ապագան. վերջինս կսպասի ընդդիմադրի կանխատեսման իրականացման

views-count2084 դիտում article-date 12:24 20-01-2020
ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի համար պայծառ ապագայի կանխատեսմամբ: «[url=https://armenpress.am/arm/news/1001905.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ի խորհրդարանի նիստում Էդմոն Մարուքյանը նման կանխատեսում արեց այն բանից հետո, երբ Գրիգորյանը կոչ արեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի կողմից ներկայացված և ԱԺ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերին: «Քիչ առաջ մերժվեց ԼՀԿ-ի կողմից ներկայացված չորս նախագիծ: Եթե երեք նախագծերի հետ կապված կարող եմ ասել, որ դուք մեկ այլ փիլիսոփայություն ունեք, երևի, և այլ կերպ եք ցանկանում այդ խնդիրները լուծել, ապա ոչ մի կերպ չեմ հասկանում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը մերժելը: Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ ասել, որ ձեզ իրապես մեծ ապագա է սպասում, որովհետև այն էներգետիկան, այն էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներդնում եք մեր նախագծերը մերժելիս,... ուղղակի ապշած եմ: Ասում եք՝ այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք»,- ասաց Մարուքյանը: Սուրեն Գրիգորյանն ի պատասխան հույս հայտնեց, որ ընդդիմության այս կանխատեսումն իրականություն կդառնա: «Ես անընդհատ հիշում եմ, որ ընդդիմությունը խոսում է, թե իշխանության վիճակը վատ է, և այս ամսին կտեսնեք, թե ինչ է լինելու: Հոկտեմբերն էր, հիմա, կարծես, մայիս է տեղափոխվել, եթե չեմ սխալվում: Ես հուսով եմ, որ, գոնե, իմ պայծառ ապագայի մասով կանխատեսումները ճիշտ կլինեն, որովհետև նախորդ մասով հաստատ սխալ է: Շնորհակալ եմ նման կանխատեսման համար, պարոն Մարուքյան»,- ասաց Գրիգորյանը: Հունվարի 20-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է 43 հարց:

Նմանատիպ նյութեր