211652_close_icon

Երբ մտածում էի Դավիթի ապագայի մասին, նրա ապագան ինձ պայծառ ու լուսավոր էր թվում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ. զոհված Դավիթ Հակոբանի մասին

views-count9925 դիտում article-date 20:12 30-09-2020
Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած Դավիթ Հակոբյանը Աբովյան քաղաքից էր, ծնվել էր 2001 թվականին, հաճախել՝ Խաչատուր Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցը: Ընտանիքում երկու եղբայր էին, ինքը՝ մեծն էր: [url=https://www.tert.am/am/news/2020/09/30/Hakobyan/3410622]Tert.am[/url]-ի հետ զրույցում Խ. Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոց տնօրեն Մետաքսյա Բաբայանը նշում է՝ թեև ինքը Դավիթին չի դասավանդել, սակայն լավ է ճանաչել, քանի որ դպրոցի լավագույն աշակերտներից էր, միասին հաճախ են օլիմպիադաների և հաղթանակներ բերել: Տնօրենը ցավով պատմում է, որ ապագայի նկատմամբ մեծ ծրագրեր ուներ, որոշել էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակել դրսում՝ Քեմբրիջի կամ Հարվարդի համալսարանում: Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների հանդեպ գերազանց ունակություններ ուներ, սովորում էր Պետհամալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն առաջին կուրսի վերջում զորակոչվել է բանակ: «Մայրը երաժշտական դպրոցում դաշնամուր բաժնի վարիչն է, իսկ հայրը՝ ռադիոմեխանիկ է: Օրինակելի ընտանիք էին, եղբայրը հիմա մեր դպրոցի 12-երորդ դասարանում է սովորում: Եղբայրը իր նման խելացի էր, այսօր հուղարկավորության ժամանակ ասաց, որ հպարտ է, որ իր եղբայրը մահացել է հանուն հայրենիքի: Դավիթը տաղանդավոր, չափազանց խելացի տղա էր, երբ մտածում էի իր ապագայի մասին, նրա ապագան ինձ պայծառ ու լուսավոր էր թվում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ»,-նշեց Մետաքսյա Բաբայանը: Տնօրենը ընդգծեց, որ Դավիթը դասերից հաճախ էր ուշանում, դպրոցում ձանձրանում էր, քանի որ դպրոցում քիչ բան ուներ սովորելու, սակայն միշտ կանոնավոր հաճախում էր դպրոց: «Վերջին զանգին լավագույն աշակերտներին պատվոգրեր էինք տալիս և իրեն էլ պետք է պատվոգիր տայինք, քանի որ մի քանի օլիմպիադաներում հաղթել էր, բացման խոսքից հետո բոլորի պատվոգրերը տվեցի. իրեն եմ փնտրում, որ հանձնեմ, չի գալիս, բոլորն ասում են ուշացել է, ծիծաղեցինք: Հետո ուշացած ճեղքելով եկավ առաջ, պատվոգիրը տվեցի և ծիծաղելով ասացի՝նույնիսկ Վերջին զանգի պատվոգիրը ստանալիս ես ուշանում, այսօր մայրը հիշելով այդ պատմությունը ասում էր՝ ամեն տեղ ուշանում էր, բայց հայրենիքի համար առաջինը զոհվեց»,-պատմեց Մետաքսյա Բաբայանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր