Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են
Եռօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի դահուկավազքի մեծահասակների առաջնության առաջին փուլը:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` տղամարդկանց 10 կմ ազատ ոճում 28.30.8 րոպե արդյունքով չեմպիոն դարձավ Միքայել Միքայելյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Թադևոս Պողոսյանը (29.57.9 րոպե արդյունք) և Շվեյցարիան ներկայացնող Ադրին Շելենբերգը:
Կանանց ազատ ոճի մրցավազքում կրկին անգերազանցելի էր Կատյա Գալստյանը: Նա 5 կմ տարածությունը հաղթահարեց 16.56.5 րոպե արդյունքով: Արծաթե մեդալակիր դարձավ Անգելինա Մուրադյանը (21.57.4 րոպե արդյունքով), իսկ բրոնզե մեդալակիրը Վարսենիկ Ավետիսյանն է (22.04.7 րոպե արդյունքով):
Մրցաշարը եզրափակվեց արագավազքով, որտեղ իրենց բարձր կարգը ևս մեկ անգամ ցույց տվեցին Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը: Մրցաշարի ընթացքում ֆեդերացիան որակազրկեց երկու մարզիկների մեկնարկին անօրինական մասնակցելու պատճառով:
Հայաստանի առաջնության առաջին փուլին մասնակցում էին մոտ 30 մարզիկներ:
Այն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում և համարվում է վարկանիշային դահուկորդների համար:
Երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-9 կրկին Աշոցքում: