211652_close_icon
views-count2461 դիտում article-date 12:08 17-01-2020

Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին

«Իմ Ձայնը» նախագիծը հանրության ուշադրությանն է ներկայացնում 2008 թվականի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ, որոնք տեղ են գտել Վիկիլիքսի կողմից գաղտազերծված փաստաթղթերում։ 12 տարվա վաղեմության նյութերը ուշագրավ են նաև այսօր։ Ավելին, դրանք շատ կարևոր են հատկապես այսօր, երբ է փորձվում է արվում իրականությունը ներկայացնել բացառապես ՀՔԾ-ի և որոշ դերակատարների տեսանկյունից։ Մենք առավելագույնս զերծ ենք մնացել սեփական մեկնաբանություններից։ Վստահ ենք, որ ամերիկյան դիվանագիտական նամակագրության դրույթները հասարակությանը հնարավորություն կտան ավելի ու ավելի ինքնուրույն հայացքով նայել մեր ընդհանուր պատմությանը։ [b]Մաս 1[/b] 2008թ-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները եղել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում։ Ամերիկացի դիվանագետները անտարբեր չեն եղել այդ իրադարձությունների հանդեպ՝ փորձելով հնարավորինս ճշգրիտ հասկանալ իրականությունը, երբեմն էլ՝ միջնորդական դերակատարություն ստանձնել։ Այդ հանգամանքների վրա լույս է սփռում տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական գրագրությունը, որը համացանցում տարածվել է շնորհիվ Վիկիլիքսի հրապարակած գաղտնի փաստաթղթերի։ 2007թ․ նոյեմբերից 2008թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ կազմված և Վիկիլիքսում հրապարակված նյութերից առանձնացրել ենք առավել հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերը։ Դրանց ճնշող մեծամասնությունը կազմված են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը, Անվտանգության խորհրդին, ՆԱՏՕ-ին։ [b]Վիկիլիքսի հրապարակումները ՀՀ-ում նախընտրական գործընթացների, նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների մասին[/b] Վիկիլիքսի հրապարակումներից պարզ է դառնում, որ դեռևս 2007թ-ից ԱՄՆ դեսպանատունը ակտիվորեն տեղեկություններ է հավաքագրել սպասվող նախագահական ընտրությունների մասին, կապ պահպանել հիմնական թեկնածուների հետ։ 27.11.2007թ. «ԼՏՊ-ի սցենարը. երկար հարված, որը, միևնույն է, հարված է» վերտառությամբ նամակում Փեննինգթոնը ներկայացնում է Լ. Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։ Ներկայացնելով թեկնածուներից Արթուր Բաղդասարյանին՝ Փեննինգթոնը նշում է, որ վերջինս կծախի իր աջակցությունը նրան, ում հաղթելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ Նա նաև նշում է, որ Խաչատուր Սուքիասյանը մեծ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Տեր-Պետրոսյանին։ Փեննինգթոնը հավանական է համարում, որ երբ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգարխներ անցնեն ԼՏՊ-ի կողմը, դա կարող է շղթայական հետևանք ունենալ, սակայն, միևնույնն է, ավելի հավանական է համարում, որ Ս.Սարգսյանը կդառնա նախագահ։ 28-12-2007 – ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակ է ուղղում ԱՄՆ պետդեպարտամենտին և մի շարք այլ կազմակերպությունների, որտեղ ներկայացվում են նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հանդիպման մանրամասները։ Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը բողոքել է USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ին կազմակերպած սոցհարցումներից՝ դրանք համարելով անարդար և նշելով, որ այն միայն նպաստում է վարչապետի կողմից իրականացվող քարոզչությանը։ ԱՄՆ ներկայացուցիչը ուշագրավ է համարում, որ չնայած նախորդ 6 հարցումները ցույց են տվել, որ վարչապետը 1-ինն է, իսկ Բաղդասարյանը՝ 2-րդը, վերջինս, այնուամենայնիվ, դժգոհ է դրանցից։ Բաղդասարյանը նաև դժգոհել է Հայաստանում Գելափի գործընկերոջ՝ Հայաստանի Սոցիոլոգիական Ասոցիացիայի աշխատանքից՝ այն համարելով իշխանամետ կառույց։ Փեննինգթոնն այս զրույցի վերաբերյալ իր մեկնաբանությունում նշում է, որ Բաղդասարյանի բողոքը IRI-ի կազմակերպած հարցումների վերաբերյալ իրենք լուրջ չեն համարում՝ հատկապես հաշվի առնելով, որ Բաղդասարյանը պնդում է, թե իբր իր «անկախ» հարցումները ցույց են տվել, որ ինքը 10%-ով առաջ է վարչապետից։ ԱՄՆ ներկայացուցիչը նշում է, որ ընդդիմության արձագանքը հարցումների վերաբերյալ իր համար զարմանալի է, քանի որ սովորաբար ընդդիմությունը գոհունակությամբ է ընդունում միջազգային հանրության աջակցությունը ընտրական գործընթացներին։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը դրական է ներկայացնում հարցումները ։ Հետաքրքրական է, որ դեռևս 27.08.2007թ. ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինան էր ներկայացնում IRI-ի հարցումները, ըստ որի Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ․-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար 13 և 81 տոկոս էին կազմում, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս։ Նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որի առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։ Հետագա դիվանագիտական նամակագրության մեջ այս թեզը է՛լ ավելի է շեշտվում։ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն իր եզրակացության մեջ նշում է, որ իր հնարավորությունների մասին Տեր-Պետրոսյանի կարծիքն ինքը համարում է չափազանց լավատեսական։ ԱՄՆ ներկայացուցիչը վստահում էր IRI-ի հարցումներին, և Ս. Սարգսյանի՝ բարձր վարկանիշ ունենալը նրա մոտ կասկածներ չէր հարուցում։ Պերինան նշում է, որ Սարգսյանի համար ավելի իրական մրցակից կարող է լինել Ռաֆֆի Հովհաննիսյանը, որը, սակայն, կարող է տեխնիկական պատճառներով չմասնակցել ընտրություններին ։ 12.10.2007թ. «Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկներ է ներկայացնում ԼՂ հարցի վերաբերյալ» վերտառությամբ նամակում Պերինան նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը ԱՄՆ գործերի Ժամանակավոր հավատարմատարին հրավիրել է իր մոտ և տեսակետեր ներկայացրել ԼՂ հարցի վերաբերյալ՝ խնդրելով դրանք փոխանցել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային։ Տեր-Պետրոսյանի հիմնական գաղափարն այն էր, որ հարկավոր է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր, թե ԼՂ բանակցային գործընթացում ի՛նչ արդյունքներ են գրանցվել Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Նա առաջարկում էր, որպեսզի Մինսկի Խմբի համանախագահները ներկայացնեին հակամարտության կարգավորման պլան, որտեղ կամփոփվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները։ Անկախ նրանից՝ կողմերը դրան կհամաձայնեն, թե ոչ (իսկ իր կարծիքով այս փուլում չեն համաձայնի), այդպիսի փաստաթղթի առկայությունը կնշանակեր Քոչարյանի ընթացքում բանակցային գործընթացի ամփոփ արդյունքի հրապարակում։ Տեր-Պետրոսյանի պնդմամբ՝ սա մյուս նախագահներին հնարավորություն կտար բանակցությունները շարունակել այդ կետից և չսկսել ամեն ինչ զրոյից։ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրել է, որ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի և ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։ Տեր-Պետրոսյանը նաև խնդրել է հանդիպում կազմակերպել Բրայզայի հետ։ Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի առաջարկությունը՝ Պերինան նշում է,որ դա ունի որոշ քաղաքական մոտիվացիա։ Նախ, ըստ նրա, սպասվող քարոզարշավի ժամանակ մի փուլում Լ. Տեր-Պետրոսյանը ցանկանում է հայտնել, որ քննարկել է ԼՂ հարցը ԱՄՆ-ի հետ՝ ցույց տալու համար, որ ինքը լուրջ այլընտրանք է Ս. Սարգսյանի համեմատ։ Երկրորդ, եթե նա կարողանա նախագահ դառնալ, ինչն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, շատ հավանական է համարում, այդ փաստաթուղթը կարևոր կլինի, որպեսզի ցույց տա, թե իբր Քոչարյանը նույնպես բանակցել է պարտվողական փաստաթղթի շուրջ, ինչի համար իրեն 98թ․-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտա նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում։ Վիկիլիքսի գաղտազերծած փաստաթղթերից այս մեկը, թերևս, տարբերվում է իր բացառիկ նրբերանգներով. նախ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ երկրի անվտանգության գնով պատրաստ է եղել Քոչարյանի դեմ աշխատելու։ Ըստ էության, ամերիկյան կողմից խնդրելով բացահայտել բանակցությունների չընդունված դետալները, նա հասկանում էր, որ դրանով հսկայական առավելություն է տալիս Ադրբեջանին՝ հետագա բանակցությունների ժամանակ։ Ի վերջո, բանակցությունների ժամանակ կողմերը կարող են առաջ քաշել ցանկացած գաղափար, այդ թվում՝ ի սկզբանե հասկանալով, որ դա չի ընդունվի, այնպիսի գաղափարներ, որոնք ժամանակավոր առավելություն կամ դադար կարող էին տալ, այնպիսի առաջարկներ, որոնք կունենային շեղող մանևրի հնարավորություն։ Մյուս կարևորագույն դրվագը՝ Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ, և բնականաբար՝ ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա։ [b]Մաս 2 . Մանիպուլիացիա[/b] 12.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի՝ ԱՄՆ պետդեպարտամենտին, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված նամակում անդրադարձ է կատարվում փետրվարի 9-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ցույցին, նշելով, որ դրան մասնակցել է շուրջ 40000 մարդ։ ԱՄՆ ներկայացուցիչը հայտնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց աջակցությունն են հայտնել ԵԿՄ մի քանի ազդեցիկ և հարուստ ներկայացուցիչներ՝ Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, Սուրեն Բարսեղյան։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից Փեննինգթոնն առանձնացնում է այն դրվագը, որտեղ վերջինս Քոչարյանին մեղադրում է Մեղրին Շուշիի և Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր՝ հավաքված հանրությանը ցույց տալ ղարաբաղցիների և հայաստանցիների միջև առկա տարաձայնությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը պատրաստ են Հայաստանի տարածքի հաշվին պահպանել տարածքներ իրենց ծննդավայր Արցախում։ Ըստ Փեննինգթոնի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նպատակ ուներ՝ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը գցել Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի վրա ։ ԱՄՆ ներկայացուցիչը նույնպես մտածում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։ Ուշագրավ է, որ, ինչպես նշվեց Վիկիլիքսի նախորդ նամակում, Տեր-Պետրոսյանը Բրայզային առաջարկել էր Համանախագահների կողմից հրապարակել ԼՂ բանակցությունների մասին «Քոչարյանի ժամանակաշրջանի փաստաթուղթ», որն, ըստ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի, նա հետագայում պատրաստվում էր շահարկման առարկա դարձնել։ Գաղտազերծված նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետներն ի սկզբանե արձանագրել էին Տեր-Պետորսյանի շարժման հիմնական թիրախները՝ մանիպուլացնել հասարակությունը և Հայաստանցի-ղարաբաղցի թշնամանք սերմանել։ [b]Մաս 3. Նպատակը ցույցերն են[/b] 13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը նամակում նշում է, որ թե՛ Լ. Տեր-Պետրոսյանը, թե՛ Ս. Սարգսյանը պատրաստ են մինչև վերջ գնալ այս ընտրությունների դրական արդյունքների համար։ Ոչ ոք պատրաստ չի ընդունել պարտությունը քվեարկության արդյունքում՝ անկախ նրանից, այն կլինի արդար, թե ոչ, երկու կողմերն էլ պատրաստվում են հետընտրական պայքարին։ ԱՄՆ ներկայացուցիչը կանխատեսում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի կարող փողոց դուրս բերել անհրաժեշտ քանակությամբ վճռական տրամադրված մարդկային զանգված, որը նրան թույլ կտա սպառնալ իշխանության վերահսկողությանը։ Նա կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, նվազագույն բռնությամբ բողոքի ակցիաներն արագ ցրվելու են իշխանությունների կողմից, սակայն միանշանակ չի բացառում լուրջ բախումների հավանականությունը։ Փեննինգթոնը նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են։ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Ըստ Փեննինգթոնի՝ Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հույս ունեն հավաքել ցուցարարների կրիտիկական մասսա և վարդերի կամ նարնջագույն հեղափոխությունների նման ապստամբություն բարձրացնել։ Նա նաև նշում է, որ իշխանությունները նույնպես վճռական են տրամադրված և չեն պատրաստվում հանձնել իշխանությունը։ Փեննինգթոնը նշում է, որ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներից տեղեկություն են ստացել, որ Ս. Սարգսյանի հաղթանակի պարագայում հենց ընտրությունների օրվա գիշերը ցույցեր կկազմակերպվեն։ Փեննինգթոնը նաև անհավանական է համարում, որ ընտրությունների միջոցով Լ. Տեր-Պետրոսյանը կամ այլ թեկնածու այնքան ձայն կհավաքեն, որ հաղթեն, քանի որ ընտրողների կողմից թեկնածուներից ոչ ոք չունի միանշանակ բարձր աջակցություն։ Փեննինգթոնը նշում է, որ անորոշ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։ ԱՄՆ ներկայացուցիչը հիշեցնում է, որ 1999թ-ին ԵԿՄ-ն արդեն իսկ մեկ անգամ սպառնացել է Քոչարյանի իշխանությանը։ Վերջում ավելացնում է, որ փետրվարի 14-ին դեսպանությունը պատրաստվում է արտակարգ գործողությունների կոմիտեի հանդիպում կազմակերպել՝ քննարկելու համար իրադարձությունների զարգացման սցենարները և գնահատելու դեսպանատան կամ պետքարտուղարության գործողությունները ։ Ըստ Վիկիլիքսի այս հրապարակման՝ ԱՄՆ դեպանատան ներկայացուցիչը փաստում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են, որ նա պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում։ Միամտություն կլիներ կարծել, որ Մանվել Գրիգորյանը աջակցությունը խաղաղ կամ ինտելեկտուալ բնույթ էր կրելու, և չէր ներքաշելու զինված ԵԿՄ մյուս անդամներին։ [b]Մաս 4. Ընտրություններ. Ամերիկացիները հակված են հավատալու թեկնածուների արդյունքներին[/b] 19.02.2008թ. նամակում Փեննինգթոնը փորձում է կանխատեսել ընտրություններում հաղթելու՝ Ս. Սարգսյանի շանսերը։ Որպես վերջինիս առավելություններից մեկը՝ նա նշում է, որ հիմնական մրցակից Լ. Տեր- Պետրոսյանն ասոցիացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում՝ նախագահ Քոչարյանի օրոք, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է։ Այնուհետև ներկայացնում է ընտրություններում Սարգսյանի այլ առավելություններն ու թուլությունները ։ 20.02.2008թ. - ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, Թուրքիա (հավանաբար՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատանը) և մի շարք այլ կազմակերպությունների – «ՍՍ-ը ճանաչվել է ընտրությունների հաղթող. ընդդիմության ցույցերի թիվը հասնում է 50 000-ի»։ Փեննինգթոնն իր նամակում նշում է, որ 20։00-ի դրությամբ Ազատության հրապարակում ցուցարարների թիվը հասել է 50 000-ի, և մինչ այդ պահը ցույցերը խաղաղ բնույթ են կրել։ Նշվում է նաև, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել է որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։ Միաժամանակ նա չի բացառում բախումների հնարավորությունը։ Կանխատեսում է, որ ցույցերը առաջիկա մի քանի օրերին առնվազն կշարունակվեն՝ հաշվի առնելով ցուցարարների վրդովմունքը և տեղեկությունները ընտրակեղծիքների մասին։ Ըստ նրա՝ առավոտյան Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը ելույթի ժամանակ ավելի շատ հանգստացնող, քան գործողությունների մղող էր։ Սակայն նշում է նաև, որ վերջինիս մերձավոր շրջանակներից ոմանք կարող են ավելի կոնֆրոնտացիոն մոտեցում ցուցաբերել ։ 21.02.2008թ. Փեննինգթոնը շտապ նամակ է ուղարկում պետդեպարտամենտ, որտեղ նշվում է, որ փետրվարի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Լ. Զուրաբյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպում է խնդրել։ Զուրաբյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին մի նամակ է փոխանցել՝ նշելով, որ այն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանից է։ Նշվում է, որ Զուրաբյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԱՄՆ դեսպանատան հետ հիմնական կապ հաստատող անձն է։ Բացի նամակից՝ Զուրաբյանը նաև բարձրաձայնել է երկու դիտողություն. նա նշել է, որ տեղեկություններ ունեն, որ ժամը 15-ին նախատեսված ցույցերը իշխանությունները պատրաստվում են խոչընդոտել։ Նաև հայտնել է, որ իշխանությունները բաց են պահում երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, քանի որ Սարգսյանի արդյունքը կարող է նվազել 50%-ից և անցկացվել երկրորդ փուլ։ Զուրաբյանը հայտնել է, որ իրենք հավատում են, թե ընտրությունների արդյունքում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ եթե ոչ բացարձակ մեծամասնությամբ, ապա՝ Սարգսյանի հետ համեմատությամբ։ Զուրաբյանը նաև նշել է, որ իրենք կոնկրետ պլան չունեն դեսպանների առջև ցույցեր կազմակերպելու մասին, սակայն հնարավոր համարեց ցույցը Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ հաշվի առնելով այն, որ Սարկոզին շտապ շնորհավորել է ՍՍ-ին։ ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել՝ ցույցերի խաղաղ բնույթը պահել, ողջունելով այդ տեսանկյունից թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության՝ մինչ այդ պահի վարքագիծը։ Այնուհետև ներկայացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի ամբողջական տեքստը՝ «Մարդիկ բարկացած են, մեզ դրդում են վճռական գործողությունների։ Մենք ցանկանում ենք ցույցերը պահել օրինականության շրջանակներում, սակայն դա անելը դժվար է թվում, ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Միակ ելքը երկրորդ փուլն է»։ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի երկրորդ փուլի գնան, չխանգարեն իրենց խաղաղ ցույցերին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող մերժել դեսպանատան պահանջները։ Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի նամակը, Փեննինգթոնը նշում է, որ իրենք մտադիր չեն ներքաշվել ՀՀ ներքաղաքական խնդիրների մեջ, մինչդեռ Տեր-Պետրոսյանը հենց դա է ակնկալում։ Միաժամանակ նշում է, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս օբյեկտիվորեն գնահատեն ընտրությունները և իրենց պաշտոնական հայտարարությունները բխեցնեն հենց այդ օբյեկտիվ վերլուծությունից ։ 27.02.2008թ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից փետրվարի 26-ին հանդիպում են Ս. Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ, որտեղ վերջիններս խնդրում են, որ ԱՄՆ-ն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Սարգսյանին՝ լեգիտիմության հետ կապված, ինչն, ըստ իրենց, թույլ կտա մյուս կողմերին ստիպել՝ պատշաճ վարքագիծ դրսևորել։ Դեսպանատան ներկայացուցիչները պատասխանել են, որ ժողովրդավարական գործընթացի մաքուր անցկացումը ՀՀ կառավարության գործն է, և ԱՄՆ-ն այդ հարցում չեն կարող կանաչ լույս վառել։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև ՍՍ-ը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։ Նամակի վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ իրենք կարողացել են վարչապետի մերձավորներին վստահեցնել, որ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում վերջինիս դեմ, պատրաստ է աշխատել Սարգսյանի հետ, և միայն փորձում են բարձրացնել ընտրությունների հետ կապված խնդիրները ու լուծումներ գտնել, որպեսզի Սարգսյանը դառնա ավելի լեգիտիմ նախագահ ։ Թեև ԱՄՆ ներկայացուցիչը իր նամակում ուղղակիորեն չի շեշտում Ս. Սարգսյանի հաղթանակի փաստը, սակայն արձանագրում է, որ վերջինս ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները։ Ինչպես նաև ճգնաժամի հանգուցալուծման դեպքում հայտնում է պատրաստակամություն՝ աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով։ 28.02.2008թ Փեննինգթոնը ներկայացնում է փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները։ Հանդիպման ժամանակ Քոչարյանը հայտնել է, որ տեղյակ է Ս. Սարգսյանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին և զարմացած է ամերիկյան կողմի մտահոգությունների համար, ուզում է անմիջապես իրենցից լսել դրանք։ Ըստ Փեննինգթոնի՝ Քոչարյանը ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց զրույցը, չնայած որ ասել էր, թե հանդիպման նպատակը ամերիկյան կողմին լսելն է։ Քոչարյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱՄՆ դեսպանությունը սուբյեկտիվ դիրքորոշում ունի և կարող է աջակցել քաղաքական պայքարի կողմերից մեկին։ Ըստ նրա, Քոչարյանը շեշտել է, որ իրենք տեղյակ են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իրենց ներքին զրույցներում հաճախ նշում են, որ պետք է խորհրդակցեն ԱՄՆ դեսպանատան հետ։ Նա նշել է, որ գուցե դրանք ուղղակի վերջիններիս ներքին խոսակցություններն են և խնդրել է հստակեցնել՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանատունը համագործակցում և ուղղորդում է Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը։ ԱՄՆ ներկայացուցիչը հերքել է այդպիսի համագործակցությունը։ Նա նշել է, որ իրենք հաճախ զրուցում են Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հետ, որպեսզի տեղյակ լինեն իրադարձությունների ընթացքից, սակայն երբեք չեն համակարգում նրանց գործողությունները և կապ չունեն վերջիններիս ռազմավարության հետ։ Հանդիպման ժամանակ Քոչարյանը ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Փեննինգթոնը մտահոգություն է հայտնել ընդդիմադիրների ձերբակալության մասին, որին ի պատասխան Քոչարյանը հարցրել է, թե ի՞նչ են անում ԱՄՆ-ում ահաբեկիչների հետ։ Նա նշում է նաև, որ նախորդ օրը Միքայել Մինասյանը նույնպես խոսել էր փետրվարի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԿՄ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին։ Լևոն Զուրաբյանն էլ փետրվարի 22-ին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։ Անդրադառնալով որոշ ձերբակալությունների՝ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։ Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում ։ ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության, հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ։ Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն են, որոնց վերաբերյալ մասամբ տեղեկատվություն ենք ստանում Վիկիլիքսի հրապարակումներից, սակայն որոնց անպատասխան մնալու դեպքում Հայաստանի հասարակությունը այդպես էլ չի ունենա պատկերացում դեպքերի իրական զարգացման և պատասխանատուների և պատասխանատվության չափաբաժինների մասին։ [b]«ԻՄ Ձայնը» նախագիծ Շարունակելի[/b]

Նմանատիպ նյութեր