Պիտեր Շիլթոն. Մարադոնան պատմության մեծագույն խաղացողն է, բայց ես նրան չեմ հարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնը պատմել է 1986թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Արգենտինա-Անգլիա խաղում (2:1) Դիեգո Մարադոնայի առաջին գոլի մասին:
Մարադոնան ձեռքով գոլ խփեց Շիլթոնին, իսկ խաղից հետո հայտարարեց, որ գնդակը մասամբ Մարադոնայի գլխով, իսկ մասամբ էլ՝ աստծո ձեռքով է խփվել: Ի վերջո, Արգենտինան այդ տարի աշխարհի չեմպիոն դարձավ:
«Այդ պահը ես երբեք չեմ մոռանա: Ես արեցի հնարավոր ամեն ինչ, հանրահայտ լուսանկարում էլ է երևում, որ ես գնդակին ավելի մոտ էի, քան՝ նրա գլուխը: Ահա թե ինչու նա ձեռքով գնդակին հարվածեց:
Ամբողջ Անգլիայի հավաքականը տուժեց, քանի որ նա խարդախություն արեց: Մեր օրերում մարդիկ բողոքում են VAR-ից, սակայն այն ժամանակ դա մեր համար հիանալի կլիներ: Նա մասամբ խոստովանել է՝ ասելով, որ դա «Աստծո ձեռքն» էր: Սակայն նա ներողություն չի խնդրել և զղջման բառ անգամ չի ասել:
Ինձ շատ անգամ են առաջարկել մոռանալ դա: Սակայն նա ներողություն չի խնդրի, իսկ ես էլ չեմ սեղմի նրա ձեռքը: Ես միշտ ասել եմ, որ նա պատմության մեծագույն խաղացողն է, սակայն ես նրան չեմ հարգում որպես մարզիկ և երբեք չեմ հարգի», ասել է Շիլթոնը: