211652_close_icon

Հակասանիտարական վիճակ՝ Մասիսի համար 6 հիմնական դպրոցում. երեխաները դասապրոցեսը անցկացնում են գարշահոտ ու շնչահեղձ վիճակում, իսկ Արարատի մարզպետն ու Մասիսի քաղաքապետը զբաղված են ավելի շատ ինքնագովազդով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2350 դիտում article-date 09:30 05-05-2025
Մինչ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ բացելով միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզներ, դպրոցներ, ու փորձում է բարեկեցիկ պայմաններ ապահովել դպրոցականների ուսման համար, Արարատի մարզի Մասիսի խոշորացված համայնքի համար 6 հիմնական դպրոցում երկար տարիներ է՝ անտանելի վիճակ է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չգիտես ինչու՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կամ տեղյակ չեն, թե ինչ հակասանիտարական, հակահիգիենիկ ու խոլերայի վտանգ պարունակող պայմաններում են այդ դպրոցի սաները սովորում, իսկ հարակից շենքերի բնակիչները բնակվում, երևի միայն Աստծուն է հայտնի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրույթն էին ուղղում թե՛ Արարատի մարզպետին, թե՛ Մասիսի քաղաքապետին՝ ասելով.

«Մի օր բարի եղեք էդ ձեր կաբինետից դուրս եկեք, թարգեք շոուներն ու իսկական գործ արեք։ 

Մասիսի քաղաքապետի համար երևի քաղաքը սկսվում և ավարտվում է Մասիսի հրապարակից, կենտրոնական հատվածից այն կողմ չի փորձում հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ խնդիրներին ու լուծել այդ ամենը։ Քարոզարշավի ժամանակ սարեր են խոստանում, բայց հենց ընտրվում են, արհամարհում են ծայրամասերում ապրողների հոգսերը թեթևացնելու հարցերը։ Քանի տարի  էս գարշահոտ, սրտխառնոց առաջացնող պայմաններում են 120-ից ավելի երեխաներ մասնակցում դասապրոցեսին, քանի տարի է խոստանում են, որ խնդիրը կլուծեն, ոչ մարզպետարանը, ոչ Մասիսի քաղաքապետարանը էս քանի տարի է չփորձեցին «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի էս խնդիրը լուծի։

Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ կոյուղատարերի վնասման կամ խցանման պատճառով կեղտը դիտահորերից դուրս է գալի ու ողողում ոչ միայն դպրոցի տարածը այլև հարակից շենքերի։ Մարզպետն ու քաղաքապետը իրենց կաբինետում կոնդիցիոների տակ երևի մաքուր օդ են շնչում, բա մենք էլ ենք ուզում մեր երեխաները մաքուր օդի պայմաններում մասնակցեն դասապրոցեսին։ Դե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասին չենք էլ ուզում հիշել, մի քանի անգամ զանգել ենք նախարարության թեժ գիծ, բայց էդ մարդիկ նույնիսկ չեն բարեհաճում պատասխանել մեր զանգերին։

ԿԳՄՍ նախարարը ասում է, թե աշակերտների համար ստեղծում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն, արդյո՞ք դրա մեջ չի մտնում այն, որ երեխաները դպրոց հաճախելուց պետք է մաքուր ճանապարհով անցնեն, իսկ մեզ մոտ 500 մետրից գարշահոտը խեղդում է։ Ոչ մարզպետին, ոչ քաղաքապետին, ոչ նախարարին չենք հավատում։ Այդ 3-ը մեզ համար դարձել են արդեն «դառը հում»։ Տեսնում ենք՝ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ, ինչքան դպրոցներ է վերանորոգել տալիս, նույնիսկ շատերը զրոյից են կառուցվել ու շարունակում կառուցվել, իսկ մեր դպրոցը անտեսված է ԿԳՄՍ նախարարության կողմից, շենքերն էլ՝ Արարատի մարզպետարանի ու Մասիսի քաղաքապետարանի կողմից էնպես որ մենք մեր հույսը դնում ենք, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով մի հատ որ էն իր պողպատե մուրճով հայտնի ու սիրված «Նվագախմբի տղաները» ֆիլմի օրինակով էդ պատասխանատուներին «օբերկոտ» անի, նրանք երևի արդեն կմտածեմ, որ պետք չէ հարյուրավոր երեխաների ու նրանց ծնողներին տարիներ շարունակ խաբել։

Երեխաներն էլ ասում էին, որ ուզում ենք վարչապետի նման հեծանիվ քշենք, ուզում ենք մեր մանկության խաղերը խաղանք մեր հրապարակում, բայց հնարավոր չէ, որովհետև կեղտաջուրը մի իսկական ճահճի է վերածել խաղահրապարակը, որտեղ գիշերները լսում ենք գորտերի կռկռոցը»։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր