211652_close_icon
views-count2034 դիտում article-date 18:28 16-12-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում հյուրընկալել է բազմազավակ ընտանիքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 14-ին և 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում հյուրընկալեց բազմազավակ ընտանիքների Մասիս քաղաքից` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի (Արարատյան Հայրապետական թեմ), և Արմավիր քաղաքից ու շրջակա համայնքներից` առաջնորդությամբ Արժանապատիվ Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյանի (Արմավիրի թեմ): Իր հոգու բերկրանքն արտահայտելով բազմազավակ ընտանիքների` ամենայն հայոց հոգևոր կենտրոն այցերի առիթով` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ուխտագնացության մեծահասակ և կրտսեր մասնակիցներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ 2019 թվականը հռչակել է «Ընտանիքի տարի», որպեսզի անդրադարձ կատարվի այն արժեքներին, որոնցով հայ ընտանիքը ամուր և հզոր է: Ըստ Հայոց Հայրապետի՝ այդ արժեքները կարելի է ամբողջացնել երկու կարևորագույն՝ աստվածսիրություն և հայրենասիրություն գաղափարների մեջ, որոնց վրա խարսխված յուրաքանչյուր ընտանիքում կգերակայեն սերը, փոխադարձ հարգանքն ու համերաշխության ոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ Սուրբ Աջը մշտապես հովանի լինի հայ ընտանիքներին, որպեսզի ապրեն Աստծո օրհնության ու լիության մեջ: Դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նաև Մինի ֆուտբոլի 16-րդ միջազգային մրցաշարում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ) հաղթանակած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի և ՍՕՍ մանկական գյուղերի հավաքական թիմին՝ մարզիչ Անդրանիկ Ղահրամանյանի, «Քյուրքչյան» կենտրոնի տնօրեն Արամ Մկրտիչյանի և ՍՕՍ մանկական գյուղերի ներկայացուցիչ Ռուբիկ Փաշինյանի ուղեկցությամբ: Նորին Սրբությունը, իր ուրախությունը հայտնելով արձանագրված հաղթանակի կապակցությամբ, շնորհավորեց պատանիներին այս նշանակալի ձեռքբերման առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց տարբեր ոլորտներում միասնական ոգու դրսևորումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել հաջողության, նաև փաստեց, որ պատանիների հաղթանակը վկայում է աջակցության կենտրոններում իրականացվող լավ աշխատանքի մասին: Վերջում Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց մարզչին և պատասխանատուներին, իսկ երիտասարդ մարզիկներին մաղթեց նորանոր հաջողություններ: «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնում այսօր խնամվում և կրթվում են 15 պատանիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր