211652_close_icon
views-count1124 դիտում article-date 13:39 14-11-2019

Ի՞նչ իրավունքներից կարող են օգտվել Հայաստան ապօրինի մուտք գործածները. «Իմ քայլի» նախաձեռնությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սերգեյ Ատոմյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել՝ այն համապատասխանեցնելով «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի Կոնվենցիային: Մասնավորապես առաջարկվում է, որ ՀՀ ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, որոնք ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր, մուտք են գործում Հայաստանի տարածք կամ գտնվում են Հայաստանի տարածքում առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարում առաջարկվող կարգավորումները, սակայն ուներ որոշ դիտարկումներ: Մասնավորապես, կյանքի կամ ազատության համար վտանգավոր երկրից ուղղակիորեն գալու պահանջ նախատեսելը խնդրահարույց է: Հնարավոր են դեպքեր, երբ անձը ոչ թե ուղղակիորեն գա իր կյանքի կամ ազատության համար վտանգավոր երկրից, այլ Հայաստան ապօրինի մուտք գործի որևէ միջանցիկ երկիր օգտագործելով: Օրինակ՝ Սիրիայից Հայաստան գա ոչ թե ուղղակիորեն, այլ սկզբից ժամանի Իրաք հետո Իրան, այնուհետեւ՝ ապօրինի մուտք գործի Հայաստան: Նման անձանց նկատմամբ քննարկվող խրախուսական նորմը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Նախագծում չսահմանվի իր կյանքի կամ ազատության համար վտանգավոր երկրից ուղղակիորեն գալու պահանջը: Նախագծի կարգավորումների պայմաններում ստացվում է նաև, որ խրախուսական նորմը կկիրառվի այն փախստականի նկատմամբ, ով իր կյանքի կամ ազատության համար անվտանգ երկրում ստացել է նման կարգավիճակ, ինչից հետո ապօրինի մուտք է գործել Հայաստան: Այլ կերպ՝ փախստականը չի գալիս իր կյանքի կամ ազատության համար վտանգ ներկայացնող երկրից, սակայն նրա նկատմամբ կիրառվում է խրախուսական նորմը, ինչը արդարացված չէ:

Նմանատիպ նյութեր