Տիգրան Ավինյանը հերքեց ԵԱՏՄ-ից նվիրատվություն ստացած մեքենաներից մեկն իր կողմից օգտագործվելու մասին լուրերը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքեց լուրերն այն մասին, թե Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՀ կառավարությանը՝ որպես նվիրատվություն հանձնված 4 ավտոմեքենաներից մեկը շահագործվում է իր կողմից:
Այդ մասին փոխվարչապետը հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան:
«Կառավարության որոշման համաձայն՝ չորս ավտոմեքենաներից երկուսից մեկը պետգույքի բալանսին է, և չի շահագործվում, մեկը տրամադրվել է ՏՄՊՊՀ-ին՝ ավտոպարկը թարմացնելու նպատակով, երկուսը մնացել են Սննդի անվտանգության տեսչական մարմնում: Դրանք բավական թարմ ավտոմեքենաներ են, կարող էին ավտոպարկը թարմացնել, բայց Սննդի անվտանգության տեսչական մարմնում չորս նմանատիպ ավտոմեքենա պահելու նպատակահարմարություն չկար: Ենթադրաբար, ավտոմեքենաներից մի քանիսը չեն էլ շահագործվելու: Ցանկանում եմ նաև նշել, որ ավտոպարկն այս կառավարության օրոք կտրուկ կրճատվել է, և մոտ 150 ավտոմեքենա է կրճատվել, դրա հետ կապված մոտ 20 մլրդ դրամի տնտեսում ունենք»,- ասաց Ավինյանը: