Սանկտ Պետերբուրգում 2 հայեր վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել վերելակի հորն ընկնելու հետևանքով
Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկու շրջանի №18 ծննդատանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս պոկվել է վերելակի ճոպանը, որի հետեւանքով երկու բանվորներ ընկել են հորը, գրում է [url=https://news.am/arm/news/542897.html]News.am[/url]-ը:
«Շինարարական եւ վերելակի սարքավորումների փոխարինման աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը պոկվել է, որից հետո վերելակի խցիկը, որի մեջ 2 բանվորներ էին, ցած է ընկել, ինչի հետւանքով նրանց առողջությանը ծանր վնասվածք է պատճառվել»,- հայտնում է Սանկտ Պետերբուրգի գծով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ֆոնտանկան»:
Երկու տուժածները ծագումով Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35: Տուժածների վիճակը ծանր է, ունեն բազմաթիվ բաց եւ փակ կոտրվածքներ, ներքին օրգանների սալջարդեր. 28-ամյա բանվորին բժիշկները տեղափոխել են շոկային վերակենդանացման բաժանմունք:
Քննչական կոմիտեն տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցել «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: Միջոցառումներ են անցկացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար: