211652_close_icon
views-count2286 դիտում article-date 09:12 26-10-2019

Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները․ «Ամերիկայի ձայն»

Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը Հայաստանի մասով որևէ անճշտություն չի պարունակում, [url=https://www.amerikayidzayn.com/a/5139877.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը, մեկնաբանելով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը, ներկա 47-րդի փոխարեն. «Մեր տեսակետից, որևէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք և վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որևէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»: Մասնավորապես, Սալթայնի խոսքով, փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն երեքը: «Դա այն չէ, ինչ կառավարությունը կարող է հեշտությամբ անել ինքնուրույն: Այն անշուշտ չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենալ, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», - նշում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը: Վալենտինա Սալթայնը միաժամանակ մատնանշեց Հայաստանի կողմից անցած տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին, որոնք ուղղված է բիզնեսի իրականացման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Դա շինարարության իրավունքի ստացման գործընթացի բարելավումն է, հարկային ոլորտի բարեփոխումներն ու միջսահմանային առևտրի հայտարարագրերի թվայնացումը. «Ընդհանուր առմամբ, Հայաստանը շատ հաջող է գործում: Որոշ ոլորտներում առկա հարցերը կապված են հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ և այդ փոփոխությունների ազդեցությունը զգալու համար ժամանակ է անհրաժեշտ»: Հայաստանի անմիջական չորս հարևաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, բիզնեսի իրականացման դյուրինության չափանիշներով Հայաստանից ավելի լավ վիճակում են, մինչդեռ Իրանը զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը: Բիզնեսի դյուրինության տեսանկյունից 2020 թվականին Համաշխարհային բանկն առաջատար է ճանաչել Նոր Զելանդիային, Սինգապուրին ու Հոնկոնգին: Առավել վատ է վիճակը Վենեսուելայում, Էրիթրեայում և Սոմալիում:

Նմանատիպ նյութեր