211652_close_icon
views-count1308 դիտում article-date 17:14 25-10-2019

Իրավական դիսկուրս՝ Բարձրագույն դատական խորհրդում

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հյուրընկալվել էին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպումը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությունն էր: Խորհրդի նախագահը նախ ողջունեց ապագա իրավաբանների դրսևորած հետաքրքրվածությունը Խորհրդի գործունեության նկատմամբ՝ միաժամանակ առանձնակի կարևորելով նմանատիպ հանդիպումները, քանզի կողմնակի դիտորդի աչքերով ավելի ակնհայտ են դառնում իրականացվող աշխատանքներն ու հնարավոր թերացումները: Ուսանողների հետ անմիջական ու անկաշկանդ զրույցի ժամանակ Խորհրդի նախագահը ոլորտային հարցերին անդրադարձավ ի պաշտոնե՝ ներկայացնելով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես սահմանադրական մարմնի լիազորությունների շրջանակները, դրանց օրենսդրական որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունը: Նա խոսեց նաև Խորհրդի՝ որպես կոլեգիալ մարմնի ունեցած առավելության մասին, երբ խորհրդակցական սենյակում կա դատավոր և գիտնական անդամների կարծիքների հակամարտություն, ինչը ոչ միայն բնական է, այլև աշխատանքային գործընթացում հավասարակշռություն պահապանելու կարևոր նախապայման: Որպես դատավոր՝ Ռուբեն Վարդազարյանը խոսեց նիստերի դահլիճում դատավորի հոգեբանական զգացողությունների մասին, առանձնակի շեշտեց դատական իշխանության հանդեպ հանրային վստահության անհրաժեշտությունը, կարևորեց առողջ քննադատությունը, բայց ոչ անհասցե խոսքը, որը կարող է վտանգել դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Նա իր խոսքում նաև նկատեց, որ այսօր դատավոր դառնալու ցանկություն քչերն ունեն, քանզի մեծ է պատասխանատվությունը և առայժմ չկա համարժեք վարձատրություն: Ապագա իրավաբաններին հետաքրքրող հարցերը բազմաբնույթ էին և բազմաբովանդակ: Նրանք հետաքրքրվեցին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որպես դատարան հանդես գալու պարագայում Խորհրդի անդամներին ինքնաբացարկ հայտնելու ընթացակարգերով, գործադիր և օրենսդիր մարմինների հետ օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացներում Խորհրդի ներգրավվածությամբ, ինչպես նաև էլ-արդարադատության համակարգի և դատավորների մասնագիտական գնահատման հարցերով: Խորհրդի նախագահն առարկայական և սպառիչ անդրադարձավ ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին՝ կոնկրետ օրինակներով զուգահեռներ տանելով հայաստանյան և միջազգային դատական պրակտիկայի միջև: Ուսանողների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ռուբեն Վարդազարյանի առանցքային խորհուրդն էր ուսանողներին դառնալ իրավունքի ոլորտի լավագույն մասնագետ: Ճանաչողական այցի ավարտին ուսանողները շրջայց կատարեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքում, եղան նիստերի դահլիճում, խորհրդակցական սենյակում: [b]Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր