Առողջապահության նախարարությունն ընդլայնել է սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները
ՀՀ առողջապահության նախարարությունն ընդլայնել է սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քննարկելով առողջապահության նախարարության սրտային վիրաբուժության գծով խորհրդատու Գագիկ Հեբոյանի առաջարկը, «Stent for Life»՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են»,- նշել է նախարարը:
Ըստ նրա՝ ծրագրում ընդգրկվել են նաև այն դեպքերը, երբ առկա են չափորոշիչով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է շտապ (մինչև 48 ժամերի ընթացքում) իրականացնել ոչ թե կորոնար ստենտավորում, այլ աորտա-կորոնար շունտավորում:
Աորտա-կորոնար շունտավորումը կիրականացվի պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար` առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան: