211652_close_icon
views-count2288 դիտում article-date 21:20 04-10-2019

Քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչի թեկնածուների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի 52 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ: Քննիչի թեկնածուները երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները: Դիպլոմների հետ միասին քննիչի թեկնածուներից 20-ը ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները, իսկ Արդարադատության ակադեմիայի 32 քննիչի թեկնածուները կգրանցվեն Քննչական կոմիտեի կադրային ռեզերվում: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հորդորեց աշխատանքին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և ընտրել անընդհատ ինքնակրթվելու և կատարելագործվելու ճանապարհը: «Քննիչի աշխատանքը շատ կարևոր է, պահանջված, պատվաբեր, միաժամանակ՝ բարդ, դժվարին, ծանր: Քննիչի աշխատանքը մեծ զոհողություններ է պահանջում՝ այն նորմավորված չէ, կապված է ամենօրյա ծանր ֆիզիկական և մտավոր լարվածության և բազմաթիվ դժվարությունների հետ: Եվ եթե մեկն ընտրում է քննիչի մասնագիտությունը, ամենայն հավանականությամբ ոչ թե իր մասին է մտածում, այլ ավելի շատ ցանկանում է օգտակար լինել իր պետությանը, հասարակությանը, մարդկանց: Այդ առումով քննիչը պաշտոն չէ, այլ կոչում, ապրելակերպ, ես կասեի՝ կյանքի փիլիսոփայություն: Ամեն մի գործի նախաքննություն ոչ այլ ինչ է, եթե ոչ քննիչի և հանցագործություն կատարած անձանց յուրահատուկ մենամարտ: Այդ մենամարտում հաղթելու համար քննիչը պետք է ունենա ճկուն և վերլուծական միտք, մեծ էրուդիցիա, կարողանա փաստարկել և պնդել իր տեսակետը, ընդունել ճիշտ և օպերատիվ որոշումներ, տիրապետել մասնագիտական և հոգեբանական հմտությունների: Բացի այդ, քննիչը պետք է ունենա օրենսդրության և կրիմինալիստիկայի գերազանց իմացություն, ֆինանսատնտեսական, հասարակական-քաղաքական և այլ կազմակերպությունների գործունեության և երկրի կյանքի տարբեր ոլորտներում հաճախ կատարվող հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և համոզմունք հայտնեց, որ ակադեմիայի շրջանավարտները պատրաստ են պատվով իրականացնել իրենց առաքելությունը և արդարացնել բոլորի սպասումները: Սերգեյ Առաքելյանը, դիմելով քննիչներին, հայտնեց, որ ի դեմս Արդարադատության ակադեմիայի՝ ունեն գործընկեր, որը միշտ պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օժանդակել քննիչներին իրենց գործունեության ընթացքում: Արդարադատության ակադեմիայում 2019թ. քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է երկու խմբով: [b] ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր