Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով օրենքի 14-րդ հոդվածը լրացվում է հետևյալ բովանդակությամբ. «Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունն իրականացվում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»։
Ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով ՀՀ պետական սահմանը հատող անձանց և բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության և, անհրաժեշտության դեպքում, առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումներ:
Նշված լիազորությունը նախկինում իրականացվում էր Առողջապահության նախարարության առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին որևէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել:
Հետևաբար, նշված լիազորության` օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:
Առաջարկվում է նախագծով ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել և կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինները միատեսակ կիրառումը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա օրենսդրական բացը և լիազորող նորմ սահմանել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար` հնարավորություն տալով վերջինիս սահմանի անցակետերում իր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»։